Էկոնոմիկայի նախարարության մասնաշենքերի վերանորոգումը չեղարկվել է

1 Min Read

Էկոնոմիկայի նախարարության մասնաշենքերի վերակառուցման փոխարեն մասնակի վերանորոգել այդ մասնաշենքերը. այսպիսի որոշում է կայացվել  կառավարության այսօրվա նիստում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2024թ. պետական բյուջեով նախատեսված էր վերակառուցել Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող Էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերը։

Ներկայումս՝ նախարարությունը, գնահատելով նախատեսված աշխատանքների ծավալների մեծությունը և կատարման ժամկետների սղությունը, կարևորելով աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնաշենքերի աշխատասենյակները և միջանցքները վերջին անգամ վերանորոգվել են տասնյակ տարիներ առաջ և մեծ մասը գտնվում են անբարեկարգ և անմխիթար վիճակում, նպատակահարմար է գտնում նախատեսված գումարից 91 մլն 351 հազար դրամը վերաբաշխման միջոցով օգտագործել վերոհիշյալ մասնաշենքերի մասնակի վերանորոգման համար: Արդեն իսկ հայտարարվել է մրցույթ:

Իսկ բյուջեով նախատեսված մնացած 66 մլն 342 հազար դրամը որոշվել է ուղղել պահուստային ֆոնդ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով