Գործազուրկների թվաքանակն աճել է երկնիշ թվով. Ի՞նչ պատկեր է աշխատաշուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Աշխատանքային ռեսուրսները մեծապես նպաստում են կայուն տնտեսական աճի ապահովմանը։ Աշխատուժի թվաքանակի կրիտիկական նվազումը կարող է վտանգել և սահմանափակել տնտեսության զարգացման պոտենցիալը։

Այս առումով աշխատանքային ռեսուրսների բավարար ծավալների ապահովումը և մրցակցային պայմանների ձևավորումն աշխատանքի շուկայում ունեն կենսական նշանակություն։ Հայաստանում և հետխորհրդային տարբեր պետություններում տարիներ շարունակ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք բացասաբար են ազդում աշխատաշուկայի վրա։

Մեր շատ հայրենակիցներ լքել են երկիրը` ցածր եկամուտների պատճառով չկարողանալով հոգալ իրենց ընտանիքների կարիքները։

Իհարկե, կան ոլորտներ, որտեղ միջին աշխատավարձերը հարաբերականորեն բարձր են, թեև ընդհանուր իրավիճակը դրանից չի կարող էականորեն փոխվել։

Օրինակ, սոցիալական ոլորտում, սպասարկման ոլորտում աշխատավարձերը հիմնականում բավականին ցածր են։Այս ամենը խոսում է աշխատաքնի շուկայում առկա ճգնաժամի մասին։

Այս ամենով հանդերձ` ՀՀ աշխատանքի շուկայում առկա է հետևյալ իրավիճակը 2024թ․ երկրորդ եռամսյակում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ աշխատանքային ռեսուրսների թվաքանակը կազմում է մոտ 2․3 մլն մարդ։ Վերջինս առաջին եռամսյակի համեմատ նվազել է  0․2%-ով, իսկ 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 1․6%-ով։

Աշխատանքային ռեսուրսների մեջ առանձնացնում ենք աշխատուժը կամ աշխատուժի առաջարկը, որը 2024թ․ երկրորդ եռամսյակում կազմել է  1․4 մլն մարդ, ինչպես նաև աշխատուժից դուրս բնակչությունը, որի թվաքանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում կազմել է մոտ 905 հզր մարդ։

Նկատենք, որ 2024թ․ երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աշխատուժի առաջարկն աճել է 0․6%-ով, իսկ աշխատուժից դուրս բնակչությունը՝ 3․2%-ով։

Աշխատուժի ծավալներում առանձնացնում ենք զբաղվածներին և գործազուրկներին։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ գործազուրկների թվաքանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում կազմել է 190 հզր մարդ. 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ թիվն աճել է 18․2%-ով։

Զբաղվածների թվաքանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում կազմել է մոտ 1․2 մլն մարդ։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է 1․7%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով