2024 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0 %, իսկ 2024 թ. օգոստոսի համեմատ՝ 0.6 % գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Մասնավորապես 2024 թ. սեպտեմբերին 2023 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է հնդկացորենի 12.2 %, ձավարի՝ 6.7 %, մակարոնեղենի՝ 6.2 % գնանկում:
Գնանկում է արձանագրվել նաև խոզի և տավարի մսերի (4.5 % և 0.6 %) շուկաներում: Բացի այդ, նվազել են հրուշակեղենի գները՝ 3.3%-ով, թարմ կաթինը՝ 1.8 %-ով, հացինը՝ 0.4 %-ով: Փոխարենը սեպտեմբերին աճել է ալյուրի գինը` 1.0%-ով, սուրճինը՝ 9.2 %-ով, կարագինը՝ 1.2 %-ով, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում` 7.4 %–ով: Բանջարեղենի գինը 2024 թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ 4.3 %–ով նվազել է, փոխարենը 1.0 %–ով աճել են մրգի գները: Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա դրանց գների մակարդակը նվազել է 1.7 %-ով։
Մասնավորապես բենզինի շուկայում 2024 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է գնի անփոփոխ մակարդակ և դիզելային վառելիքի 1.5 % գնանկում: Մինչդեռ 2024 թ. օգոստոսի համեմատ սեպտեմբերին գրանցվել է բենզինի 2.5 % գնաճ, իսկ դիզելային վառելիքը կրկին գնանկում է արձանագրել (0.1 %–ով): Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում այս սեպտեմբերին սակագներն աճել են 3.6 %-ով:
Ինչ վերաբերում է փոխարժեքին, ապա 2024թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.4 դրամ, ինչը 0.1%-ով գերազանցել է 2023 թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը (386.9 դրամ):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում