Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը․ այն ստացել է Կառավարության հավանությունը։ Հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
2022 թվականի 8 ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 %-ով, ինչի արդյունքում պետբյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:
Տնտեսական ներկա զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփվի 11-12 % տնտեսական աճով:
2023-ի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումն կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 %-ի սահմաններում:
2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 %-ը, ինչը 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 %-ով:
2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը. դրանք կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով: