Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդես է եկել զեկույցով, անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում իրականացվող աշխատանքներին: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում 2020 թվականից մինչ օրս Դատախազությունը նախաձեռնել է 537 ստուգում։ Դատարան ներկայացված երեք գործով արդեն իսկ կայացվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ որոշումներ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։
Ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։ Այս հայցերը առնչվում են ոչ միայն դրամական միջոցներին, այլ նաև անշարժ և այլ տեսակի գույքին, իրավաբանական անձանց բաժնետոմսերի բռնագանձմանը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2000 օբյեկտներ։
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով կնքվել է 8 հաշտության համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է ավելի քան 5 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 12 միլիոն դոլարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում