ԵԱՏՄ շրջանակում նվազագույն տնտեսական աճեր ապահովել են Ռուսաստանն ու Բելառուսը. ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի դինամիկան 2005-2023թթ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

4 Min Read

Վերջին օրերի ամենակարևոր իրադարձություններից էր ԵԱՏՄ երկրների վարչապետների մակարդակով հանդիպումը Հայաստանում։ ԵԱՏՄ-ն նշում է իր կազմավորման տասը տարին։ Չնայած բոլոր բացասական տրամադրություններին, որոնք առկա էին ԵԱՏՄ ձևավորումից առաջ և հետո, այս միությունը բավականին հաջող շարունակում է իր գործունեությունը։

Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքը չի խոչընդոտում ՀՀ տնտեսության և ԵԱՏՄ անդամ երկների տնտեսությունների ինտեգրացիոն գործընթացներին։ Անշուշտ, միության պոտենցիալ հնարավորությունները սահմանափակված են ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, սակայն այս իրավիճակը փորձ է արվում կարգավորել այլ ճանապարհներով։ Օրինակ, ԵԱՏՄ-ն սերտ հարաբերություններ է ցանկանում հաստատել Հայաստանին հարևան երկրների հետ։ Պատահական չէ, որ Երևանում  ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը ներկա էր նաև Իրանի ներկայացուցիչը։ Շուրջ 10-ը տարի է՝ նախկին Սովետական Միության երկրները փորձում են ամրապնդել իրենց տնտեսական միությունը, սակայն  այս գործընթացները բախվում են ուժեղ արտաքին դիմադրության, որոնք պայմանավորված են ռուս-ուկրաինական ճգնաժամով, Հայաստան-Բելառուս-Ռուսաստան օր օրի վատթարացող հարաբերություններով, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատթարացմամբ և այլն։


ԵԱՏՄ անդամ պետությունների շուկայում տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրանքի հայտնվելու դեպքերը վերահսկելի կդառնան


Արևմուտքի կողմից ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները շարունակում են իրենց խոր ազդեցությունն ունենալ ինտեգրացիոն գործընթացների վրա։ Հատկապես սահմանափակվել են երկրների միջև ֆինանսական հարաբերությունները, ինչը լրջագույն խոչընդոտներ է ստեղծում իրական հատվածում համագործակցության համար։

Իրականում ԵԱՏՄ-ն անցնում է փորձությունների լրջագույն շրջանով և, եթե ստացվի դիմակայել այս բացասական միտումներին, ապա դրա արդյունքում միությունը ձեռք կբերի լրջագույն փորձառություն իր զարգացման ճանապարհին, որը հզոր խթան կլինի ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ԵԱՏՄ և անդամ պետությունների տնտեսական աճի դինամիկան 2005-2023թթ. ժամանակահատվածում․

ԵԱՏՄ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ․ դրությամբ ԵԱՏՄ տնտեսական աճը կազմել է 3․8%: Այս աճի ձևավորմանն էականորեն նպաստել է ՀՀ տնտեսական աճը, որը 2023թ․ կազմել է 8․7%: 2023թ․ նվազագույն տնտեսական աճեր ապահովել են Ռուսաստանը՝ 3․6%Բելառուսը՝ 3․9%։

Բերված վիճակագրական տվյալները ցույց են տալիս նաև անկումներ ԵԱՏՄ-ի ձևավորումից առաջ և հետո։ Հետաքրքիր է ֆիքսել այն փաստը, որ տնտեսական միության ձևավորումից հետո նկատվող անկումներն անհամեմատ ավելի մեղմացվել են։ Մասնավորապես, դեռևս 2009թ․-ին ԵԱՏՄ տնտեսությունն անկում է ապրել 6․8%-ով՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության համընդհանուր խափանմամբ, իսկ 2020թ․ անկումը կազմել է  ընդամենը 2․6%՝ պայմանավորված թագավարակի ճգնաժամով։

Դիտարկենք նաև ԵԱՏՄ և անդամ պետությունների մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ ըստ գնողունակության համարժեքության․

Այս դեպքում արձանագրում ենք, որ 2022թ․ դրությամբ ըստ գնողունակության համարժեքության ԵԱՏՄ-ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է $33,604Այս ցուցանիշը շարունակ աճել է։ Մասնավորապես, 2022թ․ 2014թ․ համեմատ աճը կազմել է 38%, իսկ 2021թ․ համեմատ 7%։

Զարմանալի է, սակայն 2022թ․-ին 2014թ․ համեմատ,  մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի (ըստ գնողունակության համարժեքության) ամենամեծ աճն արձանագրվել է Հայաստանում՝ 83%, իսկ 2022թ․ 2021թ․ համեմատ՝ 20%։

Ամենացածր աճերն արձանագրվել են Բելառուսում՝ 2022թ․ 2014թ․ համեմատ 19%, իսկ 2022թ․ 2021թ․ համեմատ՝ 3%։

  • Ամփոփելով՝ պետք է փաստենք, որ ԵԱՏՄ-ն դրական ազդեցություն է ունեցել անդամ պետությունների տնտեսությունների զարգացման վրա։ Միությունն իր ուժը ցույց է տվել նաև ճգնաժամերի ժամանակ՝ թույլ չտալով անդամ պետություններում տնտեսության անկման խորացումներ։ Սակայն, դեռևս շատ աշխատանքներ պետք է տարվեն միությունն ամրապնդելու համար։ Առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները Հայաստան-Ռուսաստան-Բելառուս եռանկյունու շրջանակներում. հակառակ դեպքում այս լարվածությունը չի թողնի միության պոտենցիալի առավել ամբողջական օգտագործումը՝ խնդիրներ ստեղծելով առաջին հերթին հենց Հայաստանի համար։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով