Հարավային Կովկասում ձևավորված նոր աշխարհաքաղաքական միջավայրում հիմնական ազդեցություն և դերակատարում ունեցող երկրներն են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Իրանի դիրքորոշումը, թերևս, առավել հայանպաստ է. երկիրը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը՝ չնայած շնորհավորել է Ադրբեջանին Արցախի օկուպացիայի առնչությամբ։ Այդուհանդերձ, հայ-իրական հարաբերություններն օգնում են որոշակի ձևով հավասարակշռել իրավիճակը։
Այդուհանդերձ, պետք է նաև նշել, որ Իրանի նկատմամբ սպասվում են արևմտյան նոր պատժամիջոցների սահմանում, իսկ Հայաստանը կարծես իրեն դիրքավորում է որպես ավելի արևմտամեդ պետություն, ինչը, անշուշտ, նյարդայնացնում է տարածաշրջանային ուժերին։
Ինչևէ, այս պայմաններում հայ-իրանական հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Առաջին հերթին դա վերաբերում է տնտեսությանը։ Վերջերս Հայաստանում բացվեց իրանական առևտրի կենտրոնը, որի մասշտաբներն աննկարագրելի են։ Այս քայլերը նպաստում են երկու երկրների տնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը։
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների առաջին գրավականը երկու երկրների միջև ընթացող առևտուրն է, որի դինամիկան ունի հետևյալ պատկերը․
2023թ․ դրությամբ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալները կազմել են մոտ $95 մլն: Դիտարկվող ժամանակահատվածում արտահանման ծավալների առավելագույն մակարդակը դիտվել է 2022թ․ և կազմել է շուրջ $110 մլն։
2023թ․-ին 2022թ․ համեմատ դեպի Իրան արտահանման ծավալները կրճատվել են 14%-ով, իսկ 2023թ․ 2017թ․ համեմատ՝ աճել են 12%-ով։ 2023թ․ դրությամբ Իրանից Հայաստան ներմուծման ծավալները գերազանցել են Հայաստանից Իրան արտահանման ծավալները շուրջ 6 անգամ։
Այստեղ տարբերում ենք ներմուծում` ըստ ծագման և ներմուծում` ըստ արտահանող երկրի։ Այսպես, 2023թ․ դրությամբ Իրանից Հայաստան ներմուծման ծավալները, ըստ ծագման երկրի, կազմել են $598 մլն` 2017թ․ համեմատ աճը`մոտ 3 անգամ, իսկ 2022թ․ համեմատ՝ ընդհակառակը, նվազում 0․3%-ով։
Մյուս կողմից, Իրանից Հայաստան ներմուծման ծավալները, ըստ արտահանող երկրի, 2023թ․ կազմել է շուրջ $612 մլն։ Վերջինս 2017թ․ համեմատ աճել է մոտ 4 անգամ, իսկ 2022թ․ համեմատ՝ մոտ 2 %-ով։
Հայաստանում այսօր բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում
- Ամփոփելով` պետք է հավելենք, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման էլ ավելի մեծ պոտենցիալ՝ չնայած դրանք ենթարկվում են բազմակողմանի փորձությունների, և այս պարագայում Հայաստանը պետք է վարի բավականին հեռանկարային և խելամիտ քաղաքականություն։ Պետք է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանի անմիջական հարևաններն են թուրքերը, վրացիները և պարսիկները, իսկ Արևմուտքը բավականին հեռու է մեզանից։
- Հայաստանն այն վիճակում չէ առհասարակ, որ մտածի միակողմանի դիվանագիտական հարաբերությունների մասին. բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելը օրվա հրամայական է։