2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0%, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 0.6%
գնանկում: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներից։
Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2024թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.0-0.5%-ով, իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնաճ:
Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.5%-ով:
12-ամյսա կտրվածքով թանկացում է նկատվել հետևյալ ոլորտներում՝
- Առողջապահություն՝ 2.0 %-ով
- Տրանսպորտ՝ 9.0 %-ով
- Կապ 0.5 %-ով
- Հանգիստ և մշակույթ՝ 0.3 %-ով
- Կրթություն՝ 7.8 %-ով
- Ռեստորաններ և հյուրանոցներ՝ 2.7 %-ով
- Ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ՝ 4.1 %-ով
- Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ՝ 0.6 %-ով
Իսկ հագուստ և կոշիկ ապրանքախմբում 3.4 %-ով գնանկում է նկատվել։
Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեությունն էլ էժանացել է 4.0 %-ով։
Նկատելի թանկացում է եղել ծառայությունների ոլորտում՝ 3,6 %` 1 տարում:
Ծառայությունների որոշ տեսակներ առավել բարձր թանկացում են արձանագրել։
- Փաստացի վարձավճարի այլ տեսակներ` 4.4 %-ով
- Բնակարանի նորոգմում և սպասարկում` 3.5 %-ով
- Կահույքի և այլ առարկաների նորոգում` 2.3 %-ով
- Կենցաղային սարքերի նորոգում` 2.3 %-ով
- Բժշկական ծառայություններ` 2.5 %-ով
- Անձնական փոխադրամիջոցների հետ կապված այլ ծառայություններ` 208.9 %-ով
- Տրանսպորտի ծառայություններ` 17.0 %-ով
- Հանգստի կազմակերպում` 27.6 %-ով
- Նախադպրոցական և տարրական կրթություն` 12.3 %-ով
- Բարձրագույն կրթություն` 7.0 %-ով
- Սպասարկման ծառայություններ` 2.7 %-ով
- Հյուրանոցային ծառայություններ` 1.7 %-ով
- Վարսավիրանոցներ և անձնական սպասարկման սրահներ` 5.9 %-ով
- Տրանսպորտի ապահովագրություն` 13.6 %-ով
- Ֆինանսական այլ ծառայություններ` 1.8 %-ով
Ինչո՞վ է պայմանավորված ծառայությունների ոլորտում այս թանկացումը։ Banksnews.am-ի հետ զրույցում այս հարցին պատասխանել է տնտեսագետ, tvyal.com կայքի հիմնադիր Աղասի Թավադյանը։
«Սա կոչվում է կպչուն գնաճ, որովհետև ի տարբերություն այլ ապրանքների գնաճի, ծառայությունների գները հակված չեն մեծ գնաճային փոփոխությունների։ Դրանք ստաբիլ տարեկան որոշակի աճ ունեն, սակայն մոնետար, ստանդարտ գործիքները շատ դժվար են կարգավորում ծառայությունների գնաճը։ Բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը ԿԲ-ն ուներ, հիմնականում ծառայությունների գնաճի զսպման համար էր։ Մենք հիշում ենք, որ վերջին 1,5 տարվա ընթացքում բոլոր ծառայությունները թանկացան։ Օրինակ՝ եթե մինչև 2021 թվականը տղամարդկանց էժան վարսավիրը 1000-1500 դրամ էր, թանկը՝ 3000 դրամ, ապա վերջին 1,5 տարվա ընթացքում բավականին աճեց գինը։ Բայց վերջին ժամակների տվյալները եթե նայենք, այդ ամենը հանդարտվելու է»,- նշեց Դավադյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում