1․3 մլրդ դոլարով Վրաստանը նոր օդանավակայան է կառուցում

1 Min Read

Վրաստանի կառավարությունը նախատեսում է առաջին փուլով 20 մլն լարի (մոտ 7,3 մլն դոլար) հատկացնել Վազիանի գյուղում Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքների համար։
Sputnik Грузия-ն գրում է, որ Վրաստանի կառավարությունը որոշել է կառուցել նոր միջազգային օդանավակայան՝ մոտավորապես 1,3 միլիարդ դոլար արժողությամբ՝ Թբիլիսիի գործող միջազգային օդանավակայանն ընդլայնելու փոխարեն։ 2024 թվականի հունիսին հայտարարվել է նոր օդանավակայանի զարգացման գլխավոր հատակագիծ մշակելու մրցույթ։

Պետբյուջեի նախագծով, հաջորդ տարիներին պետությունը մինչև 2028 թվականը ներառյալ նոր օդանավակայանի կառուցման վրա կծախսի 100 մլն լարի (մոտ 36,6 մլն դոլար):

Ընդհանուր առմամբ, 2024 թվականից մինչև 2028 թվականը կառավարությունը Վազիանիի օդանավակայանի նախագծում կներդնի 340 միլիոն լարի (124,5 միլիոն դոլար):

Կառավարության ծրագրի համաձայն՝ նոր միջազգային օդանավակայանը շահագործման պատրաստ կլինի 2029 թվականին, այնուհետև այն կկարողանա ընդունել մինչև 10 միլիոն ուղևորի, իսկ վերջնական ավարտից հետո դրա թողունակությունը կկազմի տարեկան 20 միլիոն ուղևոր։

Այսպիսով՝ Վրաստանը փորձ է անում դառնալ տարածաշրջանային ավիացիոն հանգույց՝ ունենալով տարածաշրջանում լավագույն միջազգային կարգի օդանավակայանը, որը պետք է լինի նաև տարանցիկ և լոգիստիկ կենտրոն՝ բարձր մակարդակի ուղևորային և բեռնատար տերմինալներով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով