Team Telecom Armenia–ի աջակցությամբ այսօր մեկնարկեց համազգային «Գիտության շաբաթ»-ը, որն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարևոր դերը ժամանակակից աշխարհում և գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար։
Գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 1-ից 6-ը ժամը 15:00-ից 21:00-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որը համախմբելու է գիտական ինստիտուտների, համալսարանների, կրթական և տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին և, իհարկե, երիտասարդներին և երեխաներին։
Հոկտեմբերի 1-2՝ փառատոնի այցելուները հնարավորություն կունենան գիտափորձերի, գիտնականների հետ հանդիպումների, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով բացահայտելու գիտության տարբեր ոլորտները՝ տիեզերագիտությունից և մարդաբանությունից մինչև մոլեկուլային կենսաբանություն:
Հոկտեմբերի 3-4՝ «Ապագա գիտնականները» խորագրի ներքո երեխաների ու երիտասարդների համար կանցկացվեն մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումներ։ Մասնակիցները կիմանան, թե ինչու դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, մաթեմատիկոս կամ մարդաբան։ Երիտասարդները կհանդիպեն գիտնականների հետ, որոնք կպատմեն իրենց ոլորտների առանձնահատկությունների մասին և կօգնեն կողմնորոշվել ապագա մասնագիտական ընտրության հարցում։
Հոկտեմբերի 5-6 նվիրված կլինի գիտական ֆանտաստիկային, որը միշտ եղել է ոգեշնչման աղբյուր գիտնականների ու երիտասարդների համար՝ թույլ տալով երևակայականը դարձնել իրականություն: Այս օրերին փառատոնը նվիրված կլինի գիտական ֆանտաստիկայի աշխարհի ուսումնասիրությանը՝ գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև գեղանկարչություն։
Գիտության շաբաթվա շրջանակում կազմակերպվել են նաև «ԳիտաCon» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների և «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին Team Telecom Armenia-ն կպարգևատրի հատուկ մրցանակներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում