«Թվային հասարակություն և զարգացած տնտեսություն կառուցելու համար որոշել ենք նախևառաջ մեր թվային ճարտարապետությունն ամրագրել երկու սկզբունքների վրա՝ վստահություն և անվտանգություն: Թվային գործընթացները պետք է լինեն պարկտիկ, արդիական և օգտակար մարդկանց ու բիզնեսի համար: Իսկ եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա ոչ թե թվայնացում է, այլ դրա իմիտացիա, ինչն իհարկե անօգուտ է: Խոսքը պետք է լինի պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխման մասին», – Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ հարկավոր է ոչ թե մասնակի թվայնացում անել, այլ ստեղծել այնպիսի ծառայություններ, որոնք կհամապատասխանեն մեր քաղաքացիների և բիզնեսի կենսական նշանակություն ունեցող կարիքների բավարարմանը և օպերատիվ արձագանք կապահովեն կարևոր իրադարձություններին:
Նա նաև ընդգծել է, որ տվյալների վստահելի պահպանման կոնցեպտն առանցքային կարևորություն ունի Հայաստանի թվային ձևափոխման գործում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում