Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկօրյա միջազգային համաժողովը՝ «Mining Armenia Forum»-ը, միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։
Պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվողհամաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից:
Հանքարդյունաբերության հանդեպ հանրային վստահության վերականգնման, պետություն-մասնագիտական հանրույթ-մասնավոր համագործակցությամբ ոլորտի խնդիրների բարձրաձայնման և լուծման առաջարկների ներկայացման, ինչպես նաև գլոբալ ներդրումային հնարավորությունների քննարկման այս ձևաչափը հավակնում է դառնալ շարունակական։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համաժողովի բացման իր ելույթում նշել է, որ Հայաստանը որդեգրել է կայուն զարգացման քաղաքականություն, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացում։
«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն մեր երկրի արդյունաբերության և արտահանման կարևորագույն ուղղություններից մեկն է: Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ Այս միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն քննարկելու և վեր հանելու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այլ նաև կայուն, նորարար տեսլական ձևավորելու համար»,- ընդգծել է նախարարը:
«Ժամանակակից հանքարդյունաբերություն․ մարտահրավերներ և հնարավորություններ․Հայաստանի հեռանկարները գլոբալ տնտեսական համատեքստում» խորագրով համաժողովի կազմակերպիչը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն էր, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)։
«Հայաստանի տնտեսության համար հանքարդյունաբերությունը առաջմղիչ և հեռանկարային ուղղություն է, և մեր երկիրն ունի զարգացման, ներդրումների ներգրավման, ոլորտի արդիականացման չիրացված մեծ ներուժ։ Միավորելով ոլորտի տեղական և միջազգային փորձագիտական միտքը՝ մենք ցանկանում ենք լուծումներ առաջարկել Հայաստանում կայուն և նվազագույն ռիսկերով հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու համար»,-ասել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Համաժողովին անդրադարձ է կատարվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը։ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը՝ տնտեսության մեջ պղնձի դերի համատեքստում։
«Այսօր նավթ և գազ չունեցող երկրները, ինչպես օրինակ Հայաստանը, մրցակցային հնարավորություն են ստացել, որ նախկինում չեն ունեցել։ Հանքարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ մաքուր տեխնոլոգիաներին անցումը պահանջում է ավելի մեծ ծավալի հանքարդյունաբերական նյութերի արդյունահանում։ Մինչև 2050 թվականը էլեկտրական մեքենաներով հագեցվածության գլոբալ նպատակին հասնելու համար տարբեր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 80 տոկոսով ավելացնել պղնձի համաշխարհային արտադրությունը», – նշել է Ռոման Խուդոլին`ավելացնելով, որ ԶՊՄԿ-ն համաժողովին աջակցում է ոլորտի միջազգային լավագույն փորձն ու նորագույն զարգացումները Հայաստան բերելու և կիրառելու նպատակով:
«Mining Armenia Forum»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև եռակողմ հուշագրի ստորագրություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում