Մոդուլային կայանի կառուցումը Հայաստանում ինչ-որ իմաստով մեզ վերածում է փորձադաշտի․ Վահե Դավթյան

6 Min Read

Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտում կարևոր նախագծերից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս հարցում մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մենք պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Ամենակարևոր պատճառներից մեկը, որ որոշել ենք այդպես վարվել․ մասնագետները բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում, եթե Աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում: Այսինքն վթարը միջավայրին չի սպառնում»,- հայտարարեց Փաշինյանը։

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով՝ այստեղ նպատակահարմարություն լինել չի կարող։ Այս մասին նա ասաց Banksnews.am-ի հետ զրույցում։ 

Արդեն հայտարարվեց, որ Հայաստանը որոշում է կայացրել գնալ մոդուլային ատոմակայան կառուցելու ճանապարհով։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է սա նպատակահարմար։ 

-Երբ հարցը դիտարկում ենք էներգետիկ անվտանգության տեսանկյունից, ապա որևէ նպատակահարմարություն այստեղ լինել չի կարող` մի քանի պատճառներից ելնելով։ Առաջինը․ Փաշինյանն ասում է, որ դրանք առավել անվտանգ են և նվազեցնելու է ռիսկերը։ Այստեղ, մասնավորապես մատնանշվում են սեյսմիկ ռիսկերը։ Սեյսմիկ, ինչպես նաև այլ տեսակի ռիսկեր հավուր պատշաճի գնահատելու համար նախ և առաջ մեզ անհրաժեշտ է հիմնվել միջազգային փորձի վրա։ Մեզ քաջ հայտնի է, որ մոդուլային ատոմային ռեակտորներն առայժմ մեծ տարածում չեն գտել աշխարհում։ Կա ընդամենը 2 պետություն, որոնք հաջողությամբ կարողացել են կյանքի կոչել մոդուլային կայաններ․ 1 նախագիծ կա ՌԴ-ում և Չինաստանում ավարտին է մոտենում ևս 1 կայանի կառուցում։ Մինչդեռ մեզ քաջ հայտնի է, որ մոդուլային կայանի կառուցման հեռանկարը պաշտոնական Երևանը գոնե այսօր չի կապում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ, իսկ այն երկիրը, ում հետ Հայաստանն այսօր կապում է մոդուլային կայանի կառուցման հեռանկարը, Միացյալ Նահանգներն է, որը ոչ միայն այս պահի դրությամբ չունի շահագործման հանձնված որևէ մոդուլային ատոմային ռեակտոր, այլ ավելին`մի շարք ընկերություններ, որոնք զբաղվում են Միացյալ Նահանգներում այդ ուղղությամբ, զրկվել են վերջին ամիսների ընթացքում կառուցման լիցենզիաներից, քանի որ պարզվել է, որ այն սակագինը, որն առաջարկել են այդ ընկերությունները չի համապատասխանում ընդհանուր շուկայական սկզբունքներին։ Ի սկզբանե ներկայացվել է մի սակագին, որը մոդուլային կայանի իրագործման ընթացքում էապես վերանայվել է բարձրացվող ուղղությամբ գրեթե 2 անգամ, ինչը, բնականաբար, ռեգուլյատորը՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարը, դիտարկել է որպես ռիսկ սակագնային քաղաքականության համար։ Այդ իսկ պատճառով լիցենզիաները հետ են վերցրել։

Այսինքն՝ Միացյալ Նահանգներն ինքն այս պահի դրությամբ ձախողել է մոդուլային կայանի կառուցման նախագիծը։ Ավելին, 1975 թվականից ի վեր, երբ ատոմակայանում տեղի ունեցավ վթար, դրանից հետո Միացյալ Նահանգները կյանքի չի կոչել գեթ 1 նախագիծ։ Մենք պետք է այս 2 հանգամանքներն առնվազն հաշվի առնենք․ առաջինը, որ չկա փորձ, որը մեզ թույլ է տալիս խոսելու մոդուլային կայանի անվտանգության մասին, և երկրորդը՝ այն երկիրը, որի հետ այսօր պաշտոնական Երևանը կապում է ատոմային կայանի զարգացման հեռանկարները, չունեն հավուր պատշաճի ձևավորված փորձ։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ մոդուլային կայանի կառուցումը Հայաստանում ինչ-որ իմաստով մեզ վերածում է փորձադաշտի։ Ես այստեղ ավելի շատ ռիսկեր եմ տեսնում, քան անվտանգության երաշխիքներ։ 

Անդրադառնալով հարցի աշխարհաքաղաքական կողմին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչն է դարձել այս որոշման պատճառը։ 

-Հայտարարության մեջ ասվում է, որ ռիսկերը նվազեցվելու են հարևան պետությունների համար։ Սա, կարծում եմ, այդ անկյունաքարային հայտարարությունն է, որովհետև մենք տարիներ շարունակ տեսնում ենք, հատկապես վերջին տարիներին Բաքուն և Անկարան ջանք ու եռանդ չեն խնայում հայկական գործող ատոմակայանը քարկոծելու՝ ներկայացնելով դրա էկոլոգիական վտանգները։ Գիտենք, որ Թուրքիան անցյալ տարի դիմել էր ՄԱԳԱՏԷ(Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն)՝ առաջարկելով կոնսերվացնել հայկական ԱԷԿ-ը։ ՄԱԳԱՏԷ-ն բնականաբար մերժեց, քանի որ իրականացված մոդեռնիզացման աշխատանքները ԱԷԿ-ում հաստատվել էին ՄԱԳԱՏԷ-ի կողմից, և մասնագետները շատ լավ գիտակցում են, որ Մեծամորի ատոմակայանը իսկապես անվտանգ է և կարող է շահագործվել մինչև 2036 թվականը։

Բաքուն հայկական ատոմակայանի հարցը փորձում է բերել մարդու իրավունքների տիրույթ, ինչպես անցյալ տարի Ադրբեջանի օմբուդսմենն ասաց, որ Հայաստանի ատոմակայանի շահագործումը վնասում է տարածաշրջանին։ Այսինքն՝ տարատեսակ քաղաքական ճնշումների է շարունակում ենթարկվել Հայաստանի ատոմակայանը։ Պաշտոնական Երևանն արեց հայտարարություն, որ մենք գնում ենք մոդուլային կայանի կառուցման ճանապարհով, որը նվազեցնում է ռիսկը հարևանների համար, վերահաստատում է այն կոշտ հռետորաբանությունը և քայլերը, որոնք տարածվում էին այս տարիների ընթացքում։ Սա նահանջողական մոտեցում է, և Հայաստանի պես երկիրը, որը, չնայած տարբեր խնդիրների, բազմաթիվ աշխարհաքաղաքական կոլապսային իրավիճակների, որոնցում մենք հայտնվում ենք, այնուամենայնիվ, խաղաղ ատոմ զարգացնող երկիր է։ Դա բավականին բարձր ռազմավարական կարգավիճակ է, և ես կարծում եմ՝ սա չի համապատասխանում ատոմակայանի շահագործման երկար փորձ ունեցող երկրին։ 

Հայաստանը տարիներ շարունակ բանակցություններ է ունեցել ռուսական կողմի հետ ատոմակայան կառուցելու հարցում։ Այս հայտարարությունը չի՞ հակասում այդ բանակցություններին։ 

-Ռուսական ընկերության հետ տարիներ շարունակ են բանակցություններն ընթացել, և ես չեմ կարող ասել, որ այսօր սառեցվել է։ Ռուսական կողմը, ի տարբերություն Միացյալ Նահանգների, արդեն ներկայացրել է առաջարկի փաթեթ և առաջարկում է մեծ, կոնվենցիոնալ հզորության ատոմակայան կառուցել՝ 1200 մգվտ, նույն այն ձևաչափով, որն իրականացրել էր Լենինգրադյան շրջանում։ Այսինքն՝ դա փորձարկված է։ Այժմ ռուսական կողմը սպասում է հայկական կողմի ռազմավարական որոշմանը։ Սա պետք է լինի քաղաքական կամք պարունակող որոշում։

Փաստացի, ունենք 1 առաջարկ, որը հստակ ձևակերպված է իր ծավալով և ներդրումների մասով, և ունենք 1 քաղաքական առաջարկ Միացյալ Նահանգներից մոդուլային ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Ես կարծում եմ` այս պարագայում պետք է ընտրել ոսկե միջինը. հաշվի առնելով մեր ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները, մեր տնտեսության կախվածությունն առևտրից և սպասարկման ոլորտից, Հայաստանում  մեծ արդյունաբերական հզորությունների բացակայությունը և նաև աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված արտահանման հնարավորության սահմանափակ լինելը, կարծում եմ, որ առավել նպատակահարմար է միջին հզորության ատոմակայան կառուցելը, խոսքը մոտ 600 մգվտ հզորությամբ ատոմակայանի մասին։ Դա մոդուլային կայան չէ, դա այն մոդելի ատոմակայանն է, որը կարող ենք իրականացնել ՌՈՍԱՏՈՄ-ի հետ՝ հաշվի առնելով գիտական դպրոցների իրար բավականին մոտ լինելը։ 

Կիսվեք այս հոդվածով