Սեպտեմբերի 30-ին նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը:
Բացման արարողությանը մասնակցել են նաև ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, Իրանից և Հայաստանից գործարարներ, արդյունաբերական կենտրոնների ղեկավարներ և այլ անձինք։
Առևտրի կենտրոնը Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն է արտերկրում։ Նախագիծն իրականացվել է իրանական կողմի ֆինանսավորմամբ։
«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ համագործակցությունը և տնտեսական ներկայությունը Հայաստանում, այս կենտրոնի բացումը ևս մեկ կարևոր քայլ է բարեկամ երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նախարարը։
Շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա ներկայացված են 100-ից ավելի իրանական ընկերություններ: Սպառողները և գործարարներն այստեղ կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ:
Ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ, կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների և փառատոների անցկացման համար:
Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։