ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել Ռուսաստանը

1 Min Read

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը գիշերը անվտանգության նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, քանի դեռ կան երկրից հեռանալու տարբերակներ: Գրում է CNN-ը։

Ահազանգը եղել է այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց մասնակի մոբիլիզացնել ռուս տղամարդկանց՝ ուկրաինական պատերազմում կռվելու համար: Ահազանգում նշվում է, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել երկքաղաքացիների ԱՄՆ քաղաքացիության ճանաչումից, մերժել նրանց մուտքը ԱՄՆ հյուպատոսարան՝ կանխելով հեռանալը Ռուսաստանից և երկքաղաքացիներին զորակոչել զինվորական ծառայության:

Հիշեցվում է նաև, որ Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիների, ովքեր մասնակցել են ցույցերին։ Դեսպանատունը մշտապես զգուշացրել է ամերիկացիներին չմեկնել Ռուսաստան և այնտեղ գտնվելու դեպքում անհապաղ հեռանալ երկրից:

Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել խուսափել բոլոր քաղաքական կամ սոցիալական բողոքներից և չնկարել անվտանգության աշխատակիցներին այդ իրադարձությունների ժամանակ՝ նշելով, որ խաղաղ հավաքների իրավունքը և խոսքի ազատությունը Ռուսաստանում երաշխավորված չեն:

Ահազանգում ասվում է, որ դեսպանատունը լուրջ սահմանափակումներ ունի ԱՄՆ քաղաքացիներին օգնելու իր կարողության հարցում, և պայմանները, ներառյալ տրանսպորտային տարբերակները, կարող են հանկարծակի էլ ավելի սահմանափակվել:

«Եթե ցանկանում եք հեռանալ Ռուսաստանից, ապա պետք է որքան հնարավոր է շուտ անկախ պայմանավորվածություններ ձեռք բերեք»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Կիսվեք այս հոդվածով