Հերթական հանդիպմանը քննարկվել են կառուցապատման ոլորտում ԱԱՀ-ի գումարների վճարման հետ կապված նոր կարգավորումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԱՀ-ի պարտավորության առաջացման ժամկետներին, շինթույլտվության ավարտմանը հաջորդող հիմնական աշխատանքների և շենքերի հանձնման ժամկետներին, չարաշահումների մասով ռիսկերին, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման խթանման միջոցներին։
Միաժամանակ, հանդիպմանն ամփոփվել են նախագծի վերաբերյալ տնտեսվարողների կողմից կոմիտեին ներկայացված առաջարկություններն և նկատառումները, որոնց շուրջ ևս ծավալվել են քննարկումներ, փոխանակվել մտքեր։
Լսելով կառուցապատողների առաջարկները՝ ՊԵԿ-ը նախատեսում է օրենքի փոփոխությամբ ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը՝ հաշվի առնելով նաև շինթույլտվության երկարացումների ժամկետները:
Կոմիտեն տեղեկացնում է՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ ԱԱՀ-ի գումարների վճարման նոր կարգավորումները կկիրառվեն 2025 թ․ հունվարի 1-ից։