Տնտեսությունը մեծապես կախված է տարատեսակ կազմակերպությունների բարեհաջող գործունեության հետ։ Իսկ դրա ապահովման համար ներքին և արտաքին բարենպաստ միջավայր է հարկավոր։
Այս համատեքստում Հայաստանում տնտեսությունը կարծես որևէ կերպ չի արձագանքում իրավիճակին։ Երկրի ներսում իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ արտաքին միջավայրը որևէ լավ բան չի խոստանում։
Չնայած այս ամենին` ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը`նույնիսկ իր սահմանափակ հնարավորություններով, ավելի կայուն է։
Միգուցե հենց այս կայունությունն է գնահատվում տնտեսության տարբեր շրջանակների կողմից։
Տնտեսական բավականին բարձր աճի և գների հարաբերականորեն ցածր մակարդակի պայմաններում որոշակի աշխուժացում է դիտվում, որը արտահայտվում է ՀՀ-ում գործունեություն ծավալող կազմակերպությունների վրա․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ–ում գործունեություն ծավալող կազմակերպությունների թվաքանակը 2024թ․ հուլիսին 2023թ․ հուլիսի համեմատ աճել է 3%-ով, իսկ 2018թ․ հունիսի համեմատ՝ մոտ 2 անգամ՝ կազմելով 69,488 միավոր։ Վերջինս 2024թ․ հունիսի համեմատ նվազել է 0,1%-ով։
Հարկ է նշել, որ կազմակերպությունների թվաքանակում 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների մասնաբաժինը կազմում է 84%։ ՀՀ-ում գործունեություն ծավալող վերոնշյալ կազմակերպություններում 2024թ․ հուլիսի դրությամբ աշխատում է 759,079 մարդ։ Վերջինս 2024թ․ հուլիսին 2023թ․ հուլիսի համեմատ աճել է 5%-ով, 2018թ․ հունիսի համեմատ՝ մոտ 1 անգամ, իսկ 2024թ․ հունիսի համեմատ նվազել է 0․2%-ով։
Կազմակերպություններում աշխատող մարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ․ հուլիսին կազմել է Դ 286,215։ Վերջինս 2023թ․ նույն ամսվա համեմատ աճել է 6%-ով, նախորդ ամսվա համեմատ` մոտ 4%-ով, իսկ 2018թ․ նույն ամսվա համեմատ` մոտ 2 անգամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում