Գնաճի դինամիկան (ՍԳԻ) 1998-2024թթ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Մեր վերլուծություններում մշտապես անդրադառնում ենք տնտեսության համար առանցքային ցուցանիշների վարքագծին։ Դրանց մի մասը հանրային մեծ հնչեղություն կարող է չունենալ, սակայն առանց այդ ցուցանիշների հնարավոր չէ ուսումնասիրել տնտեսությունում առկա և սպասվելիք գործընթացները։

Մյուս կողմից, հրապարակվում են հանրության լայն շերտերին հասանելի ու հետաքրքիր ցուցանիշներ՝ օրինակ, գնաճի մասով։ Հատկապես խոսքը վերաբերում է Սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) փոփոխություններին։ Սովորական քաղաքացին ամենօրյա կտրվածքով իր մաշկի վրա զգում է տարբեր ապրանքների և ծառայությունների գների տատանումները։

Հիմք ընդունելով գնաճի նկատմամբ մեծ հետաքրքությունը՝ դիտարկենք ՍԳԻ փոփոխությունը 1998-2023թթ․ ժամանակահատվածում․

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ դիտարկվող ժամանակահատվածում ամենաբարձր գնաճերը դիտվել են 1998, 2010 և 2022թթ․։ Այսինքն, 1998թ․-ին 1997թ․ համեմատ գնաճը կազմել է 8․7%, 2010թ.-ին 2009թ․ համեմատ՝ 8․2%, իսկ 2022թ.-ին 2021թ․ համեմատ՝ 8․6%։
Բարձր գնաճ արձանագրած տարիները համընկնում են ճգնաժամային իրավիճակների հետ, որոնք դիտվել են ՀՀ ներսում և նրա սահմաններից դուրս։

Գնանկումներ ունեցել ենք 2000թ․՝ -0․8%, և 2016թ․՝ -1․4%։  Նկատենք, որ վտանգավոր են ինչպես գների բարձր աճերը, այնպես էլ՝ խոր անկումները։ Այս առումով պետք է հասկանալ՝ ՀՀ տնտեսության ներկայիս զարգացման պարագայում գնաճի ո՞ր մակարդակն  է «ամենալավը», «ամենաօպտիմալը» կամ «ամենատեղինը», որի պարագայում տնտեսությունում տեղի են ունենում դրական տեղաշարժեր։

Օրինակ, 2023թ․-ին 2022թ․ համեմատ գնաճը կազմել է 2%, 2014թ․՝ 3%, կամ 2003թ․՝ 4․7%։
Միգուցե կողմնորոշիչը ՀՀ ԿԲ գնաճի նպատակային ցուցանիշն  է, որը ներկայումս կազմում է 4%։

Ներկայացնենք նաև գների զգալի փոփոխությունները որոշ ապրանքախմբերի մասով (2023թ․ 2022թ․ համեմատ)․

ՀՀ վիճակագրկան կոմիտեի տվյալների համաձայն՝ օդային մարդատար տրանսպորտի ծառայությունների գների աճը կազմել է 31%: Տնային կենդանիներ և խնամքի պարագաներ ապրանքախմբում գների աճը կազմել է 17%։
Բժիշկների ծառայությունների գների աճը կազմել է մոտ 12%։

Դիտվել են նաև գնանկումներ։ Մասնավորապես, ամենախոր գնանկումը նկատվել է յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ մոտ 15%։ 7% գնանկում է դիտվել տրանսպորտի ապահովագրության մասով։ ԵՎ մոտ 6% գնանկում է նկատվել բանջարեղենի մասով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով