«Գազպրոմ Արմենիան» աճուրդի է հանել Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրը։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է «Ազդարար» համակարգից։
Աճուրդի մեկնարկային գինը 10 մլրդ 174 մլն ՀՀ դրամ է, այն կկայանա սեպտեմբերի 27-ին։
«Հյուրանոցն ունի հինգ աստղանի կարգավիճակ և միակ նմանատիպ հյուրանոցն է հանգստավայրում, որը կառավարվում է խոշոր միջազգային ցանցի՝ Marriott-ի կողմից: «Մարիոթ Ծաղկաձոր» հյուրանոցի կառավարման համար ընկերությունը գույքի կառավարման պայմանագիր է կնքել MARRIOTT HOTELS INTERNATIONAL B.V.-ի հետ։
Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է սպա համալիր, լողավազան, Brasserie բարձրագույն խոհանոցով ռեստորան և երեք բար: 2,5 հա ընդհանուր մակերեսով հյուրանոցի տարածքում կան թենիսի կորտեր և սպորտային հրապարակներ։
Գործուղումների և խոշոր միջոցառումների համար հյուրանոցը տրամադրում է 320 նստատեղ ունեցող կոնֆերանս դահլիճ: Հյուրանոցում կա անվճար կայանատեղի։ Սենյակների չափերը 23-ից 121 մ2 են, և բոլորը համապատասխանում են հարդարման և սպասարկման միջազգային պահանջներին»,- նշված է հայտարարության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում