Որքա՞ն թոշակ կստանա Վլադիմիր Պուտինը. նախկին ղեկավարներից ո՞վ է ամենաբարձր և ո՞վ ամենացածր թոշակ ստացողը

2 Min Read

Եթե հիմա Վլադիմիր Պուտինը գնա թոշակի, ամսական որքա՞ն գումար կստանա․ այս հարցը հետաքրքրել է Ведомости -ին, և լրատվականը հաշվարկել է Ռուսաստանի գործող նախագահի թոշակը այս պահի դրությամբ։

Եվ այսպես, ըստ ՌԴ-ում գործող օրենքի՝ նախկին նախագահը թոշակ է ստանում գործող նախագահի աշխատավարձի 75%-ի չափով։ Միաժամանակ, վճարումները կասեցվում են, եթե երկրի նախկին ղեկավարը ստանձնի նոր պետական պաշտոն։

2023 թվականի հոկտեմբերին ՌԴ գործող նախագահի աշխատավարձը 5,5%-ով ինդեքսավորելուց հետո եղել է ամսական մոտավորապես 874,000 ռուբլի։ Այսպիսով, եթե Պուտինը հիմա թոշակի գնա, կստանա մոտ 655, 500 ռուբլի թոշակ։

ԱՄՆ-ի նախկին նախագահները որքա՞ն թոշակ են ստանում․

Մինչև 1958 թվականը ԱՄՆ նախկին նախագահները թոշակ չէին ստանում։ Առաջին անգամ նրանց համար սոցիալական երաշխիքներ են մտցվել Հարի Թրումենի պատճառով, ով պետության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո ֆինանսական դժվարությունների է հանդիպել։

Այսօր կան հինգ նախկին նախագահներ՝ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը:

Նրանք այժմ ստանում են կաբինետի քարտուղարի աշխատավարձին հավասար թոշակ։ 2024 թվականին այն հավասար է տարեկան 246,424 դոլարի։ Բացի այդ, նախկին նախագահներին փոխհատուցվում են անձնական գրասենյակի, սարքավորումների, անձնակազմի, կապի և գրասենյակային պարագաների ծախսերը։ Նրանց փոխհատուցվում է նաև ճանապարհածախսը (տարեկան մինչև 1 մլն դոլար), և բացի այդ, նրանք ունեն ցմահ պաշտպանության իրավունք, սակայն դրա համար ծախսերը դասակարգված են։

Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ամենաբարձր թոշակը ստանում են ԱՄՆ նախկին նախագահները՝ ամսական 20․535 դոլար, երկորդ տեղում Գերմանիան է՝ 16 733 դոլար ամսական թոշակով։ Մեծ Բրիտանիայի նախկին ղեկավարներն ամսական ստանում են 12 554 դոլար, իսկ Ֆրանսիայի նախկին ղեկավարների համար այս պահին ամսական սահմանված է 4․467 դոլար թոշակ։

Աշխարհի ամենահամեստ նախկին ղեկավարներից մեկը համարվում է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով վաղաժամկետ հրաժարականից հետո հրաժարվել է թոշակի անցնել։

Իսկ պաշտոնավարման ընթացքում նա իր աշխատավարձի 90%-ը նվիրաբերել է բարեգործությանը՝ իր համար թողնելով 12500 դոլարից միայն 1250 դոլարը:

«Այս գումարն ինձ բավական է,– ասել է Մուխիկան,- քանի որ շատ ուրուգվայցիների եկամուտները շատ ավելի ցածր են»:

 

Կիսվեք այս հոդվածով