Առաջին անգամ Մեծ Բրիտանիայի պետական պարտքը գերազանցել է երկրի ՀՆԱ-ն. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Մեծ Բրիտանիան (ՄԲ) շարունակում է պահպանել առանցքային դիրք համաշխարհային տնտեսությունում։ 

2024թ․ դրությամբ Մեծ Բրիտանիան համարվում է աշխարհի 7-րդ տնտեսությունը ՀՆԱ-ի ծավալներով։

ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2024թ․ կազմելու է $3․5 տրլն։ Չնայած վերոնշյալ հանգամանքին` թագավարակը, ռուս-ուկրաինական պատերազմը, Արևմուտք-Չինաստան լարվածությունը և  ներքաղաքական խնդիրները զգալիորեն թուլացրել են Մեծ Բրիտանիայի տնտեսությունը։ Այս կապակցությամբ Միացյալ թագավորության ֆինանսների նախարարը դեռևս 2024թ․ հուլիսին հայտարարել էր, որ

երկրի ֆինանսական վիճակը գտնվում է ամենավատ վիճակում երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Եվ եթե Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը համապատասխաներ վերջին 14 տարիների զարգացած երկրների տնտեսությունների աճերի միջին տեմպերին, ապա Մեծ Բրիտանիան հսկայական դրամական մուտքեր կապահովեր։

Նախարարի այս խոսքերը հաստատվում են առկա վիճակագրությամբ։

Մասնավորապես, 2024թ․ երկրորդ եռամսյակում ՄԲ տնտեսական աճը հաստատվել է 0․9% մակարդակում։ Այն պարագայում, երբ, օրինակ, նույն ԱՄՆ-ում տնտեսական աճը կազմել է 3․1%, Հրվ․ Կորեայում՝ 2․3%, Իսպանիայում՝  2․9%։

Սակայն, բարդ տնտեսական իրավիճակ է նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Ճապոնիայում։

Մեծ Բրիտանիայի ֆինանսական դրության վատթարացման մասին է վկայում այն, որ պատմության մեջ առաջին անգամ 2024թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի պետական պարտքը գերազանցել է երկրի ՀՆԱ-ն

Վիճակագրական տվյալների համաձայն՝ դեռևս 2024թ․ հունվարին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 96․7%, իսկ 2024թ․ օգոստոսին արդեն արձանագրվել է 100% մակարդակ։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ մաքուր պետական պարտքը 2024թ․ օգոստոսին կազմել է մոտ $18 մլրդ, որը գերազանցել է 2023թ․ օգոստոսի մակարդակը մոտ $4 մլրդ-ով։

Պատկերացրեք, որ դեռևս հեռավոր 1993թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր մոտ 29%։

2024թ․ օգոստոսի ցուցանիշը գերազանցել է 2023թ․ օգոստոսի մակարդակը մոտ 3 անգամ։

Կիսվեք այս հոդվածով