Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է։ Այստեղ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են տարբեր հանգամանքներով, որոնք կապված են երկրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրի հետ։
Ներկա պահին Հայաստանի ներսում և դրսում իրավիճակը չափազանց անկայուն է։ Այս լարված իրավիճակն իր հերթին արդեն իսկ ազդում է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի վրա։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ․ Հայաստան է այցելել մոտ 2 մլն զբոսաշրջիկ` վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը։ 2023թ․ ՀՀ այցելած զբոսաշրջիկների 50%-ը ՌԴ-ից էին։
Իրավիճակը 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ուսումնասիրելու համար դիտարկենք հետևյալ վիճակագրությունը․
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալները փաստում են, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար 2024թ․ ծանր տարի է լինելու։ Գծապատկերից պարզ է դառնում, որ 2024թ. բոլոր ամիսներին 2023թ․ նույն ամիսների համեմատ դիտվել է զբոսաշրջիկների թվաքանակի անկում։
Այսպես, 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է մոտ 8%-ով՝ կազմելով 300,919 մարդ։ Կարելի է նկատել նաև, որ 2024թ․ ամառվա երեք ամիսներին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է 8%-ով` 719,240 մարդ։
Նկատենք, որ 2024թ․ օգոստոսին հուլիսի համեմատ զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 27%-ով, իսկ 2023թ․ օգոստոսին հուլիսի համեմատ՝ 28%-ով։
Դիտարկելով ընթացիկ տարին՝ կարող ենք փաստել, որ 2024թ․ հունվար-օգոստոս ամիսներին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է 7%-ով` կազմելով մոտ 1․5 մլն մարդ։
- Փաստացի ՀՀ տնտեսությունը 2024թ․ հունվար-օգոտսոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կորցրել է 103,321 զբոսաշրջիկ։
- Հավելենք, նաև, որ 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների մոտ 43%-ը Ռուսաստանից են, 12%-ը՝ Վրաստանից և 8%-ը՝ Իրանից։