TikTok-ը կարող է տուգանվել 27 միլիոն ֆունտով

2 Min Read

TikTok-ին կարող է սպառնալ 27 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք՝ հարթակն օգտագործող երեխաների տվյալների գաղտնիությունը չպաշտպանելու համար: Մեծ Բրիտանիայի տեղեկատվության հանձնակատարի գրասենյակը (ICO) պարզել է, որ տեսանյութերի փոխանակման հարթակը կարող է մշակել մինչև 13 տարեկանների տվյալները՝ առանց համապատասխան համաձայնության: Գրում է BBC-ն։

ICO-ն փաստաթուղթ է իրավական ներկայացրել TikTok Inc-ին և TikTok Information Technologies UK Limited-ին, որը նախորդում է հնարավոր տուգանքին:Ծանուցումը ներկայացնում է ICO-ի ժամանակավոր տեսակետն առ այն, որ TikTok-ը խախտել է Մեծ Բրիտանիայի տվյալների պաշտպանության օրենքը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հուլիսը։

ICO-ի հետաքննությունը պարզել է, որ սոցիալական հարթակը մշակել է մինչև 13 տարեկան երեխաների տվյալները՝ առանց ծնողների համապատասխան համաձայնության։Ըստ Ofcom-ի՝ Մեծ Բրիտանիայում 8-12 տարեկանների 44%-ն օգտագործում է TikTok՝ չնայած նրա քաղաքականությանը, որն արգելում է մինչև 13 տարեկանների առկայությունը հարթակում:

TikTok-ը ներկայացրել է մի շարք գործառույթներ՝ ամրապնդելու կայքի գաղտնիությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ թույլ տալով ծնողներին կապել իրենց հաշիվները երեխաների հաշիվներին, ինչպես նաև անջատել ուղիղ հաղորդագրությունները մինչև 16 տարեկանների համար:

Անցյալ տարվա սեպտեմբերին շրջանառության մեջ դրված Երեխաների օրենսգիրքը սահմանեց երեխաների տվյալների պաշտպանության նոր պրակտիկա՝ լուրջ խախտումների համար ֆինանսական տույժերով:

ICO-ն նշել է, որ ծանուցման մեջ իր բացահայտումները ժամանակավոր են, և այս փուլում եզրակացություն չի արվելու: TikTok-ի ցանկացած ներկայացուցչություն ուշադիր կքննարկվի՝ նախքան վերջնական որոշում կայացնելը:

Ի պատասխան TikTok-ը հայտարարություն է տարածել, ասելով, որ չնայած իրենք հարգում են ICO-ի դերը Մեծ Բրիտանիայում գաղտնիության պահպանման գործում, համաձայն չեն արտահայտված նախնական տեսակետների հետ և մտադիր են ժամանակին պաշտոնապես պատասխանել ICO-ին:

 

Կիսվեք այս հոդվածով