Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի G7 երկրների համաձայնագրերի շրջանակներում, Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 միլիարդ եվրոյի վարկ՝ որպես G7-ի պարտավորությունների մաս։ Սա Եվրամիության ևս մեկ կարևոր ներդրումն է Ուկրաինայի վերականգնման գործում»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Սեպտեմբերի 17-ին Financial Times-ը գրել էր, որ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային 20-ից 40 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրել մինչև 2024 թվականի վերջ՝ անկախ ԱՄՆ-ից։ Ենթադրվում է, որ Եվրամիությունը այլընտրանք է փնտրում, եթե Հունգարիան վետո դնի ռուսական ակտիվների սառեցման սխեմային ԱՄՆ-ի մասնակցության համար անհրաժեշտ երաշխիքների տրամադրման վրա։
Օգոստոսի վերջին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Եվրամիությունը Կիև է ուղարկել 1,4 միլիարդ եվրո՝ ռուսական սառեցված ակտիվներից ռազմական մատակարարումների համար ստացված եկամուտներից։