Հայաստանում գործունեություն է իրականացնում 8 ապահովագրական ընկերություն։
2024թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ ապահովագրական ընկերությունների գործող պայմանագրերի քանակը կազմում է 955,513 միավոր։ Դրանք վերաբերում են ոչ կյանքի ապահովագրությանը. ՀՀ ապահովագրական ընկերությունները դեռևս անցում չեն կատարում կյանքի ապահովագրությանը վերաբերող պրոդուկտների մատուցմանը։
Միգուցե գործընթացը պետք է սկսվի պարտադիր հիմունքների վրա, այնուհետև որոշ ուղղությունների մասով անցում կատարվի նաև կյանքի կամավոր ապահովագրության պրոդուկտներին։
Ապահովագրական շուկայի ընդլայնումը և զարգացումը յուրաքանչյուր տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալների` 2024թ․ երկրորդ եռամսյակում ապահովագրական վճարների ծավալները կազմել են շուրջ ֏ 16 մլրդ, որը 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 29%-ով։
Մյուս կողմից, 2024թ․ երկրորդ եռամսյակում ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է ֏10 մլրդ՝ 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ աճելով 2%-ով։
- Փաստացի ապահովագրական հատուցումներ/վճարներ հարաբերակցությունը 2024թ․ երկրորդ եռամսյակում կազմել է 63%, որը 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ ավելացել է շուրջ 19 տոկոսային կետով։
Հետաքրքիր է ուսումնասիրել ապահովագրական հատուցումներ/վճարներ հարաբերակցությունը ոչ կյանքի ապահովագրության տարբեր պրոդուկտների մասով 2024թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ ապահովագրական հատուցումներ/վճարներ հարաբերակցության ամենամեծ աճը՝ 37 տոկոսային կետով, արձանագրվել է անձնական ապահովագրության մասով, որի դեպքում ապահովագրական հատուցումներ/վճարներ հարաբերակցությունը հաստատվել է 74% մակարդակում։
Երկրորդ տեղում գույքի ապահովագրությունն է, որի պարագայում 2024թ․ երկրորդ եռամսյակում ապահովագրական հատուցումներ/վճարումներ հարաբերակցությունը հաստատվել է 41% մակարդակում՝ առաջին եռամսյակի համեմատ աճելով շուրջ 19 տոկոսային կետով։
Ամենամեծ անկումը՝ 9 տոկոսային կետով, դիտվել է ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պարագայում, որտեղ ապահովագրական հատուցումներ/վճարներ հարաբերակցությունը 2024թ․ երկրորդ եռամսյակում կազմել է 69%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում