Դիվերսիֆիկացումը խաբկանք է․ իրական տնտեսության վիճակը վատ է․ Աղասի Թավադյան

3 Min Read

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումը կազմել է 7.9 մլրդ դոլար, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.3 անգամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։  

Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 21.1%-ով կամ 376 մլն դոլարով՝ կազմելով 1.4 մլրդ դոլար, ինչի հետևանքով խիստ կրճատվել է Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ։

Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում այն 52.8% էր, այս տարվա նույն ժամանակաշրջանում իջել է մինչև 17.8%։

Մինչ իշխանություններն ու տարբեր փորձագիտական շրջանակներ խոսում են դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, տնտեսագետ, Tvyal.com-ի հիմնադիր Աղասի Թավադյանը սա հեգնանք է համարում։ 

Հրապարակված վիճակագրական տվյալներում տեսնում ենք, որ արտահանման շեշտակի աճ ունենք, Ռուսաստանի մասնաբաժինն էլ փոքրացել է։ Արդյո՞ք կարող ենք խոսել դիվերսիֆիկացիայի մասին։

– Մեր արտահանման գրեթե կեսը գնում է Արաբական Միացյալ Էմիրություններ, ինչն առաջին հայացքից շատ լավ է, բայց սա հեգնանք է։ Դիվերսիֆիկացումը խաբեություն է, որովհետև մեր արտահանման 70%-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են, որը Ռուսաստանից գալիս է և վերարտահանվում է դեպի Էմիրություններ, Հոնկոնգ և Չինաստան։ Ո՞ւր է ասյտեղ դիվերսիֆիկացում։ Այս խաբկանքը քողարկում է այն, որ իրական տնտեսությունում արտահանումը նվազել է։ Այս պահին մեր արտահանումը տարեկան կտրվածքով 13 մլրդ դրամ է, որը բավականին աճ է գրանցել համեմատ 2022 թվականի ընդհանուր արտահանման հետ, որը 3 մլրդ էր։ Այսինքն՝ 4 անգամ աճ է գրանցել, բայց վերարտահանումը եթե հանենք, մնում է 20-25%, որը մենք ենք արտադրում, դա ընդամենը 3 մլրդ է, որը համադրելի է 2021 թվականի ցուցանիշի հետ։ Ո՞ւր է այստեղ աճ։

Դեպի ԵՄ արտահանումը նվազել է 25 %-ով, դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է 20 %-ով, իսկ դեպի ԱՄԷ, Չինաստան, Հոնկոնգ զուտ վերարտահանման հաշվին 7-9 անգամ աճել է՝ վերարտահանման հաշվին։  Այս ամենը կոմպլեքս խնդիր է, ընդհանուր պետք է հասկանալ, որպեսզի խնդիրը լուծել՝ և՛ փոխարժեքի տեսանկյունից, և՛ կարողանանք ապահովել աշխատավարձերի ավելի մեծ աճ, քան գնաճն է։ Նորմալ տնտեսության համար 4 +/- ,5 % գնաճն անհրաժեշտ է։  

Հատկապես ո՞ր ապրանքների դեպքում է արտահանումը նվազել։ 

– Նվազում կա գրեթե բոլոր ապրանքների տեսանկյունից․ հրուշակեղեն, բանջարեղեն, պտուղ, կիսաֆաբրիկատներ․․․ 2023 թվականի կեսերից այս բոլոր ապրանքների արտահանումը նվազում է։ Պիտի ինքներս մեր առջև անկեղծ լինենք, հասկանանք տնտեսության իրական պատկերը, որ լուծենք մեր առջև ծառացած խնդիրները։ 

Իսկ որո՞նք են նվազման պատճառները։ 

Նվազման պատճառները շատ են. նախ և առաջ փոխարժեքի տատանումն է, դա ձեռնտու չէ արտահանողին, երկրորդը՝ կյանքն է այստեղ թանկացել, հարկաբյուջետային քաղաքականությունն է այս պահին խաթարված և բացի այս ամենից, հիմնական պատճառն այն է, որ 2022 թվականի աճն ուներ կարճաժամկետ բնույթ։ Բոլորս պետք է ընդունենք, որ կարճատև աճ էր, բավականին օգուտ տվեց տնտեսությանը, 12,6 % տնտեսական աճը 2022 թվականին մեծ մասը արտաքին ազդակներից էր եկած, և դա արդեն մարում է, արդեն մեր ապրանքների հանդեպ մեծ պահանջարկ չկա ո՛չ Ռուսաստանից, ո՛չ այլ երկրներից։ 

 

Կիսվեք այս հոդվածով