Ֆինանսների նախարարի 1 մլն դոլարի վարկն անհետացել է

3 Min Read

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 անշարժ գույք՝ այգետնակ է հայտարարագրել, որը ձեռք է բերվել 2020 թվականին և գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է նրա հայտարարագրից։ 

Նա հաշվետու տարվա սկզբին հայտարարագրել է 2 մեքենա և 1 մոտոցիկլետ։ 2007 և 2006 թվականների արտադրության TOYOTA մակնիշի մեքենաները ձեռք են բերվել 2015 և 2019 թվականներին, իսկ 1995 թվականի արտադրության TRANSALP V600 PD06 մակնիշի մոտոցիկլետը` 2012 թվականին։

2006 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենան հաշվետու տարում նախարարը վաճառել է 25 մլն դրամով։ Տարեվերջին նախարարն ունեցել է 1 մեքենա և 1 մոտոցիկլետ։

Հովհաննիսյանի բանկային հաշիվներին 2023-ի տարեվերջին եղել է մոտ 4 մլն դրամ և 4937 դոլար, իսկ որպես կանխիկ դրամական միջոց հայտարարագրել է ընդամենը 100 հազար դրամ։

 2023 թ.-ին նա ծախսել է  2,131,690 դրամ գույքի վարձակալության համար, 3 մլն դրամ էլ ուսման վարձավճար է տվել։

ՀՀ ֆինանսների նախարարը հաշվետու տարվա եկամուտների մեջ չի հայտարարագրել վաճառված մեքենայի գործարքից ստացած 25 մլն դրամը։ 

Հովհաննիսյանի հանձնած և վերադարձված փոխառությունները հաշվետու տարում կազմել են 87 մլն 994 հազար դրամ և 27 հազար դոլար։

Նա փոխառություններ է տվել «Ջի կոդեր» ՍՊԸ-ին՝ 52․6 մլն դրամ, «Ինոգեյթ»-ին՝ 27 հազար դոլար, «Էյ Սի ԷՄ Սի» ՍՊԸ-ին՝ մոտ 35․4 մլն դրամ։ 

Նշենք, որ նախարարը, ըստ պետռեգիստրի տվյալների, «Ինոգեյթ» ընկերության 98%-ի սեփականատերն է, սակայն Հովհաննիսյանը 2023թ-ի ներկայացրած հայտարարագրում որևէ նշում չի արել այդ մասին։ 

Հայտարարագրում նշված չէ նաև այն մասին, որ նախարարն իրեն պատկանող «Կարիտաս Իտալիանա» ընկերությունը վաճառել է։ Ըստ պետռեգիստրի տվյալների՝ «Կարիտաս Իտալիանա»-ի սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել 2023թ.-ի փետրվարի 21-ին, որից մի քանի ամիս անց ընկերությունն անվանափոխվել է և դարձել «Ջի-կոդեր» ՍՊԸ։

Այսինքն՝ նախարարը փոխառություն է տվել իրեն պատկանող ընկերություններին։ 

Ուսումնասիրելով Հովհաննիսյանի տարբեր տարիների հայտարարագրերը` կարող ենք նկատել, որ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու ժամանակ Հովհաննիսյանն ունեցել է 1 մլն դոլար վարկ կամ փոխառություն։

2022 թվականի հայտարարագրում «ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում 1 մլն դոլարը նշված է եղել, սակայն 2023 թվականի հայտարարագրում 1 մլն դոլար վարկն անհետացել է։

Հովհաննիսյանի կինը՝ Ինեսսա Ռևազյանը, տարեվերջին հայտարարագրել է նախարարի հետ համատեղ սեփականության այգետնակը Կոտայքի մարզում, Երևանի Կենտրոնում գտնվող բնակարան, որը տնօրինում է 90 և ավելի օր (նրան չի պատկանում), «Դրիմ Բոքս» ՍՊԸ-ին տրված փոխառություն՝ շուրջ 3,5 մլն դրամ։ 

Ռևազյանը տարվա ընթացքում նույն ընկերությունից ստացել է եկամուտ՝ շուրջ 265 հազար դրամ։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Մինչև նախարար դառնալը, նա եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, Ասիական զարգացման բանկի տնօրենի խորհրդական, 2018-2019 թվականներին վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով