ՀԱՐՈՒ՞ՍՏ ԵՍ, ԹԵ  ԵՐՋԱՆԻԿ

3 Min Read

Մարդկությունը յուրաքանչյուր ժամանակահատվածում ինչ-որ փիլիսոփայական հարցի շուրջ իրեն ենթարկել է կտտանքների։ Փորձել են տարբեր ճանապարհներով գտնել կարևոր հարցերի պատասխանները։ Սակայն, այս մտորումների արդյունքում իրավիճակը էլ ավելի է խճճվել և հարցի լուծումները յուրաքանչյուր ոք գտել է յուրովի։

Նման հարցերից է հարստության և երջանկության փոխկապվածությունը։ Արդյո՞ք ավելի երջանիկ է այն մարդը, որը կուտակել է ավելի շատ հարստություն։ Փորձենք այս հարցի պատասխանը գտնել երկրների մասշտաբով, որոնց մասով առկա է վիճակագրություն՝ երկրի քաղաքացիների միջին ունեցվածքի կամ հարստության ծավալների, ինչպես նաև երջանկության համաթվի մասով։

Առաջին հերթին դիտարկենք այն երկրները, որտեղ մարդկանց միջին ունեցվածքը ամենաբարձրն է․

Գծապատկեր 1. Ունեցվածքի առավելագույն մակարդակ արձանագրած երկրներում երջանկության համաթիվը

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ունեցվածքի առավելագույն ծավալներ արձանագրվել է Լյուքսեմբուրգում՝ $259,899, որտեղ երջանկության համաթիվը նույնպես բավականին բարձր է՝ 7,4 բալ։ Այս ցուցակի երկրորդ հորիզոնականում է Ավստրալիան, որտեղ ունեցվածքի ծավալները կազմում են $238,072, իսկ երջանկության համաթիվը՝ 7,2։ Երրորդ հորիզոնականում հայտնված Իսլանդիայում ունեցվածքի ծավալները մի փոքր ցածր են՝ $231,462, սակայն երջանկության համաթիվը ավելի բարձր է՝ 7,6 բալ։

Հաջորդիվ դիտարկենք այն երկրների եռյակը, որտեղ արձանագրվել է առավելագույն երջանկության մակարդակ․

Գծապատկեր 2. Երջանկության համաթվի առավելագույն մակարդակ արձանագրած երկրներում ունեցվածքի մակարդակը

2021թ․-ի դրությամբ ամենաերջանիկ երեք պետություններն են Ֆինլանդիան՝ 7,8 բալ, Դանիան՝ 7,6 բալ, և Իսլանդիան՝ 7,6 բալ։ Այս երկրներում ունեցվածքի ծավալները բաշխված են հետևյալ կերպ՝ Ֆինլանդիա՝ $73,775, Դանիա՝ $165,622, և Իսլանդիա՝ $231,462։

Հարցը ուսումնասիրենք հակառակ կողմից․ դիտարկենք ամենացածր ունեցվածքի ծավալներ արձանագրած երկրներում երջանկության համաթիվը․

Գծապատկեր 3. Ունեցվածքի նվազագույն մակարդակ արձանագրած երկրներում երջանկության համաթիվը

Այս ցուցակը գլխավորում է Հայիթին, որտեղ միջինում անձի ունեցվածքի ծավալները կազմում են $193, իսկ երջանկության համաթիվը բավականին ցածր է՝ 3,6 բալ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականում են Լեսոտոն և Մոզամբիկը՝ համապատասխանաբար  ունեցվածքի $264 և $345 ցուցանիշներով, և երջանկության համաթվի՝ 3,5 և 5 բալ մակարդակներով։

Հետաքրքիր է պարզել նվազագույն երջանկության համաթվով երկրներում ունեցվածքի արձանագրված ծավալները․

Գծապատկեր 4. Երջանկության համաթվի նվազագույն մակարդակ արձանագրած երկրներում ունեցվածքի մակարդակը

Նվազագույն երջանկության համաթվով առաջին հորիզոնականում է Աֆղանստանը, որտեղ երջանկության համաթիվը կազմել է 2,4 բալ, իսկ ունեցվածքի մակարդակը՝ $734 ։ Ամենատխուր ազգերի ցուցակի երկրորդ հորիզոնականը պատկանում է Հրվ․ Սուդանին, որտեղ ունեցվածքի մակարդակը կազմել  է $2,677, իսկ երջանկության համաթիվը՝ 2,9  բալ։ Ցուցակը եզրափակվում է Լիբանանով, որտեղ ունեցվածքի ծավալները կազմում են մոտ $18,000, իսկ երջանկության համաթիվը՝ 3 բալ։

Ինչպիսի՞ն է երջանկության և հարստության հարաբերակցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում․

Գծապատկեր 5. Երջանկության համաթվի և ունեցվածքի ծավալների  մակարդակ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Այստեղ նկատում ենք, որ որքան ունեցվածքը աճում է, այնքան աճում է համաթիվը։ Հետևաբար, ամենատխուրը Վրաստանն է, որտեղ երջանկության համաթիվը՝ 5 բալ է, իսկ ունեցվածքի ծավալները կազմել են $4,223։ Ամենաերջանիկը՝ 5,4 բալ Հայաստանն է, որտեղ միջինում ունեցվածքի ծավալները, Ադրբեջանի և Վրաստանի հետ համեմատ, ամենաբարձրն է՝ $9,411։

TAGGED:
Share This Article