Գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձը կընդլայնվի

3 Min Read

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հուլիսի 31-ին՝ Մոսկվայում: Այն կանոնակարգում է ԵԱՏՄ  շրջանակում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության և մարման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին գումարված նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության և մարման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ համաձայնագրով մասնավորապես սահմանվում են պահեստային վկայագրերի շրջանառության և մարման միասնական մոտեցումները, գյուղատնտեսական արտադրանքի որակական ու քանակական հաշվառման առանձնահատկությունները և պահպանման կանոնները, կարգավորվում են պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները, ապահովվում է պահեստային վկայագրերի և պահեստների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Հաշվի առնելով համաձայնագրի դրույթները՝ ԵԱՏՄ շրջանակում նախատեսվում է պահեստային վկայագրերի թողարկումը (տրամադրումը), շրջանառությունը և մարումն իրականացնել անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Համաձայնագրի գործարկումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը և դրանց կայուն շրջանառությանը՝ ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունը և զարգացումը:

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել է օրեր առաջ Հայաստանից արտահանված ելակի մեջ հայտնաբերված պեստիցիդների առկայությամբ, ինչպես նաև ոչ անվտանգ  կոնյակով: Պատգամավորը հետաքրքրվել է՝ ի՞նչ է արվում այս ուղղությամբ և արդյո՞ք սրանք ազդակներ են:

Գևորգ Պապոյանը պարզաբանել է, որ օրեր առաջ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ գյուղատնտեսության նախարարի և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ, բարձրաձայնվել են բոլոր խնդիրները: Դրանք քննարկվում են աշխատանքային կարգով: Նախարարի տեղեկացմամբ՝ եղել է մի մեքենա, որի մեջ եղել են ելակներ, որոնք խնդիրներ են ունեցել: «Մենք հիմա Բագրատաշենում լաբորատորիա ենք հավատարմագրել, որը մի մեքենա դեղձ երեկ չի թողել արտահանել»,- ասել է նախարարը և ընդգծել, որ նշված լաբորատորիայի գործունեության արդյունքում էականորեն կրճատվելու է խնդրահարույց արտադրանքի արտահանումը:

Ինչ վերաբերում է կոնյակին, ապա նախարարը հայտնել է, որ որևէ պաշտոնական մեկնաբանություն այս կապակցությամբ չի եղել:

Ըստ նախարարի ներկայացրած վիճակագրական տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 8.4 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճել է 2.6 անգամ: Սրա մեջ մտնում է նաև գազը, որի ծավալը կրճատվել է, քանի որ այլընտրանքային էներգիայի միջոցները, օրինակ՝ արևային, գնալով ավելանում են:

Արտահանման մեջ ալկոհոլային խմիչքները երրորդ տեղում են, որի մեջ մեծ մասնաբաժին ունի կոնյակը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Կիսվեք այս հոդվածով