Հայաստանի վարչապետ Ն․ Փաշինյանը 2024թ․ օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց թավշա հեղափոխությունից հետո ՀՀ տնտեսությունում արձանագրված վերելքների և ձևավորված կայունության մասին։
Մասնավորապես, նշվեց միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի մասին։ Այդուհանդերձ, միջին աշխատավարձային այս աճերում զգալի դերակատարում են ունեցել այն բարձր աշխատավարձերը, որոնք հասու են միայն մարդկանց որոշակի հատվածին։ Մյուսները շարունակում են ստանալ այնպիսի միջին անվանական աշխատավարձեր, որոնք պարզապես չեն բավականացնում նույնիսկ նվազագույն պահանջմունքների բավարարմանը։
ՀՀ բնակչության զգալի մասի համար սոցիալական ծանր ու անորոշ իրավիճակի ելքը արտագաղթն է, ցավոք։
Առավել մանրամասն միջին ամսական անվանական աշխատավարձերի մասին պատկերացում կարելի է կազմել` ուսումնասիրելով ՀՀ ՎԿ կողմից հրապարակված վիճակագրական տվյալները․
ՎԿ տվյալների համաձայն՝ Հայաստանում 2024թ․ երկրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հաստատվել է ֏ 275,269 մակարդակում։ Վերջինս նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 2․7%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5%-ով։
Առավելագույն անվանական աշխատավարձով առաջին երեք հորիզոնականներում են հայտնվել Սյունիքի մարզը՝ ֏ 349,924, Երևանը՝ ֏ 309,877, և Արարատի մարզը՝ ֏206,424։
Աշխատավարձերի ամենամեծ անկումը 2024թ․ երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ դիտվել է Երևանում՝ 4․4%-ով, իսկ ամենամեծ աճը՝ Սյունիքի մարզում՝ 18․7%-ով։
Մյուս կողմից, 2024թ․ երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աշխատավարձերի ամենամեծ անկումը դիտվել է Սյունիքի մարզում՝ 4%-ով, իսկ ամենամեծ աճը՝ Արագածոտնի մարզում՝ 10%-ով, որտեղ 2024թ․ երկրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հաստատվել է ֏ 155,176 մակարդակում։
2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ ամենափոքր աճը՝ 0,9%, արձանագրվել է Արարատի մարզում, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է ֏ 206,424։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում