Անտարբերություն՝ ՀՀ անվտանգության նկատմամբ․ Վերլուծություն

3 Min Read

Հայաստանը շարունակում է գտնվել անվտանգային խիստ խոցելի իրավիճակում: Թշնամին, կիրառելով կոպիտ ռազմական ուժ, քայլ առ քայլ փորձում է մասնատել մեր հայրենիքը: Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ռազմավարական գործընկերները կարծես չեն նկատում այն սահմանները, որոնց շրջանակներում ճանաչել և ընդունել են մեր երկիրը:

Այս պայմաններում պետք է օր առաջ սկսել ապավինել ներքին ուժերին, քանի որ օտարերկրյա խոստումները, որոնք չեն վերածվում կոնկրետ գործողության, ընդհանրապես կարող են Հայաստանը ենթարկել օկուպացիայի: Առաջին հերթին անհրաժեշտ է զինվորներին ապահովել ժամանակակից զենք-զինամթերքով։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել 2022թ.-ի բյուջեն՝ ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսավորման տեսանկյունից

Գծապատկեր 1. ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեն և դրա միջոցների ծախսման էական ուղղությունները

  1. 2022թ.-ի բյուջեի ծախսերի ծավալը կազմում է 2,184,040,185.1 հազ. դրամ։ Բյուջեի ծախսերի 16%-ը տրվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Վերջինիս բյուջեի 98%-ը տրամադրվում է ՀՀ պաշտպանության ապահովման ծախսերին։ Պաշտպանության նախարարության բյուջեի 0,3%-ը տրամադրվում է ՀՀ ռազմական կցորդների և ներկայացուցիչների պահպանմանը, իսկ 0,1%-ը՝ հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններին։

ՀՀ պաշտպանության ապահովման ծախսերի կառուցվածքը` ըստ հիմնական ուղղությունների՝ հետևյալն է.

Գծապատկեր 2. ՀՀ պաշտպանության ապահովման ծախսերի կառուցվածքը՝ ըստ էական ուղղությունների

ՀՀ պաշտպանության ապահովման ծախսերի 36%-ն ուղղվում է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավմանը, իսկ 64%-ը՝ ռազմական կարիքների ապահովման ծախսերին։ Հարց է առաջանում` իսկ սահմաններում պայմանների բարելավմամբ ո՞վ պետք է զբաղվի։

Եվ վերջապես, անդրադարձ կատարենք ՀԱՊԿ-ին, որը սկսել է չտեսնել Հայաստանի սահմանները>

Գծապատկեր 3. Հայաստանի սահմանները` ըստ ՀԱՊԿ-ի

Գծապատկեր 3-ում Երևում է, որ Հայաստանը ընդունվել է կազմակերպություն 29,8 հզր քառ. կմ տարածքով։ Հետևաբար, անհասականալի են թվում Ղազախստանի այն հավաստիացումները, որ ՀԱՊԿ-ը չի խառնվում իրավիճակին, քանի որ ՀՀ սահմանները ճշգրտված չեն։ Այդ պարագայում անհասկանալի է՝ վարկաբեկված ռազմական այս կառույցում 29,8 հզր քառ. կմ Հայաստանը ո՞ր տիրույթում են ճանաչում, որպեսզի կանխեն Ադրբեջանի ակնհայտ սադրանքները։

ՀԱՊԿ-ը պետք է անհապաղ դադարեցնի ջայլամային այս քաղաքականությունը, որը որևէ կերպ չի նպաստում վերջինիս համբավին և կարող է, վերջ ի վերջո, հանգեցնել կառույցի փլուզմանը. ում է պետք ռազմական մի դաշինք, որը, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվում է ստանձնել անդամ երկրների պաշտպանության պարտականությունը։ Նույնիսկ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի ակնարկները անդամ պետություններից որևէ մեկի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ կառույցին պետք է ստիպեր իրականացնել տվյալ երկրի սահմանների ամրապնդում և անգամ զորակազմի տեղակայում։

 

Կիսվեք այս հոդվածով