Մանկավարժական համալսարանը նախազգուշացում է ստացել․ տնտեսվարողի նկատմամբ խտրական պահանջ է սահմանվել

5 Min Read

Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանը աշխատակիցների առողջապահական ապահովագրության համար հայտարարված մրցույթի տեղխբնութագրում որպես պարտադիր պահանջ նշել է միջազգային վարկանիշավորող կազմակերպության կողմից B մակարդակի վարկանիշ ունենալու պահանջ, ինչը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որակել է որպես տնտեսվարողի նկատմամբ խտրական պայման և նախազգուշացում տվել Մանկավարժական համալսարանին։

Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել Կենտրոնական բանկի հաղորդումը։ 

Հաղորդման շրջանակներում Կենտրոնական բանկը հայտնել է, որ «Ռեգո Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը գրությամբ հայտնել է, որ Ընթացակարգի շրջանակներում Համալսարանի կողմից վերջինիս համար անուղղակիորեն ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ:

Մասնավորապես, Ընթացակարգի հրավերի տեխնիկական բնութագրով սահմանվել է, որ Ընթացակարգի մասնակիցները պետք է ունենան միջազգային վարկանիշավորող կազմակերպության կողմից տրված առնվազն B մակարդակի վարկանիշ, սակայն հստակ հիմնավորված չի եղել նման վարկանիշի առկայության պահանջը:

Ընդ որում, «Ռեգո Ինշուրանս» ընկերությունը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ապահովագրական ընկերություններից միջազգային վարկանիշավորող կազմակերպության կողմից B մակարդակի վարկանիշ ստացել է միայն մեկ ընկերություն’ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Այսպիսով՝ նախատեսվել է մի պայման, որին համապատասխանում է միայն մեկ ընկերություն:

Ելնելով վերոգրյալից, Կենտրոնական բանկը խնդրել է Հանձնաժողովին իրականացնել Համալսարանի կողմից հնարավոր մրցակցային իրավախախտման բացահայտման վերաբերյալ անհրաժեշտ գործողություններ և հարուցել տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ: ՄՊՀ-ն վարույթ է հարուցել։

Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանը  դիրքորոշում է հայտնել, որ վերջինիս համար չի եղել նախընտրելի ընկերություն և սահմանված պահանջի տրամաբանությունը կայանում է նրանում, որ մատուցվի երաշխավորված ապահովագրական ծառայություն, ինչը կարևոր է, քանի որ վերջինս ունի 386 աշխատակից’ 55 տարեկան և բարձր (մինչև 85 տարեկան պրոֆեսորներ), որոնց համար կենսական նշանակություն է բժշկական անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալը’ հաշվի առնելով բժշկական օգնության դիմաց տրվող բարձր վճարները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ցածր աշխատավարձերը: Հետևաբար Համալսարանը նշել է, որ կարևոր է միջազգային վարկանիշ ունեցող կազմակերպության հետ համագործակցությունը’ որակյալ բժշկական ծառայություններ ստանալու նպատակով:

Համալսարանն ընդգծել է նաև, որ նախկինում ունեցել է անորակ ապահովագրական ծառայություններ ստանալու անհաջող փորձեր, մասնավորապես, երբ ապահովագրական դեպքը չի դիտարկվել, ամբողջությամբ չի փոխհատուցվել կամ շատ չնչին է փոխհատուցվել ապահովագրական ընկերության կողմից:

Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալը և իր աշխատակիցների առողջությունը որակյալ ծառայությամբ ապահովագրելու նպատակը, Համալսարանը նշել է.

Հարկ է համարում ձեռք բերել միջազգային վարկանիշավորող կազմակերության կողմից տրամադրված առնվազն B մակարդակի վարկանիշ ունեցող ապահովագրական ընկերության կողմից մատուցվող ծառայություն:

Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը նշել է, որ ներկայում Հայաստանի Հանրապետության ապահովագրական ընկերություններից միայն «Նաիրի Ինշուրանս» ընկերությունն է 2023 թվականի հունվարի 9-ին Մուդիս վարկանիշային կազմակերպության կողմից ստացել կայուն հեռանկարով միջազգային B1 վարկանիշավորում:

Ընդ որում, Կենտրոնական բանկը հայտնել է, որ գործող կարգավորումներով  ապահովագրական ընկերությունների նկատմամբ սահմանված չէ պարտադիր պահանջ’ ունենալու միջազգային կազմակերպությունների կողմից տրված վարկանիշավորում, և ընկերությունները միջազգային վարկանիշավորման ստացման հետ կապված որոշումները կայացնում են ինքնուրույն:

Կենտրոնական բանկն ընդգծել է, որ

Վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ պետական գնումների շրջանակներում Համալսարանի կողմից կազմակերպած առողջության ապահովագրման ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգի կազմակերպման պայմաններում, վարկանիշի առկայության պարտադիր պահանջը ապահովագրական ընկերությունների համար կարող է հանգեցնել մրցակցային անհավասար պայմանների ստեղծմանը, մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:

Այսպիսով՝ գնման ընթացակարգի շրջանակներում հայտ են ներկայացրել «Արմենիա Ինշուրանս» և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունները: Ընդ որում, «Արմենիա Ինշուրանս» ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկն ավելի ցածր է (71 880 000 ՀՀ դրամ), քան «Նաիրի Ինշուրանս» ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկը (76 410 000 ՀՀ դրամ):  Ընթացակարգի գնահատող հանձնաժողովը «Նաիրի Ինշուրանս» ընկերության հայտը գնահատել է բավարար, և վերջինիս ճանաչվել է ընտրված մասնակից: Համալսարանի և «Նաիրի Ինշուրանս» ընկերության միջև 2024 թվականի ապրիլի 26-ին կնքվել է «ՀՊՄՀ-ԳՀԾՁԲ-24/3» ծածկագրով 76 410 000 ՀՀ դրամի չափով պայմանագիր:

ՄՊՀ-ն քննել է վարույթն ու որոշել, որ

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կողմից առողջության ապահովագրման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգի հրավերի տեխնիկական բնութագրում միջազգային վարկանիշավորող կազմակերպության կողմից տրված առնվազն B մակարդակի վարկանիշ ունենալու վերաբերյալ պահանջը որակել որպես տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ խտրական պայմանների սահմանման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության սահմանափակման դրսևորմամբ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հակամրցակցային գործողություն’ օրենքի խախտում:

Հանձնաժողովը օրենքի խախտման համար «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին նախազգուշացում է տվել:

Կիսվեք այս հոդվածով