Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը: Նա ձերբակալվել է շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում:
Հայտնի է, որ Դուրովը Ֆրանսիա էր ուղևորվել Ադրբեջանից:
Նշվում է, որ Դուրովին, ի թիվս այլ մեղադրանքների, կարող է առաջադրվել նաև ահաբեկչության մեղադրանք:
Ֆրանսիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ մեսենջերը երկար տարիներ եղել է կազմակերպված հանցավորության համար թիվ մեկ հարթակը:
Ռուսաստանը նոտա է ուղարկել՝ պահանջելով հասանելիություն տրամադրել գործարար, «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր Պավել Դուրովին, սակայն Փարիզը նրա ֆրանսիական քաղաքացիությունը համարում է հիմնական, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նոտան ուղարկել ենք գործարար Պավել Դուրովին հասանելիության պահանջով, սակայն նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, ինչը երկիրը ընկալում է որպես հիմնական»,- ասել է նա:
Ֆրանսիայում ՌԴ դեսպանությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ երկրի իշխանությունները դեռևս խուսափում են Դուրովի ձերբակալության հարցով համագործակցությունից: