Կգործարկվի թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի նոր հարթակ

2 Min Read

Այսօր կայացել է թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի շնորհանդեսը:

Համակարգով ներդրվում է տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմ՝ ապահովելով թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպումը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին նոր հարթակի գործարկման առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ և ճկուն աշխատանքի համար:

«Հարթակը լավ միջոց է` թանգարաններին նորովի առնչվելու և հաղորդակցվելու այցելուների հետ՝ ընձեռելով համագործակցության նոր հնարավորություններ: Մեզ համար շատ կարևոր է, որ ստանում ենք թափանցիկ և հաշվետվողական դաշտ, որն ապահովում է հասանելի և մատչելի ծառայություն քաղաքացիների համար»,- ասել է նախարարը:

Պաշտոնական կայքից յուրաքանչյուրը կարող է  ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ համակարգի միջոցով թանգարանային գործունեությունը կապվում է զբոսաշրջային քաղաքականության հետ. զբոսաշրջային երթուղիների պլանավորման, փաթեթների ներկայացման տեսանկյունից բոլոր ծառայությունները հասանելի են դառնում մեկ տեղում:

Այցելուները կարող են ձեռք բերել թանգարանային տոմսերն առցանց՝ մուտք գործելով museumsarmenia.am կայք: Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար նախատեսված եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ:

Տեխնիկական սարքավորումների տեղադրման աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:

 

Կիսվեք այս հոդվածով