Հայաստանը փոքր բաց տնտեսությամբ երկիր է, որի առևտրային հաշվեկշիռը հիմնականում բացասական է։
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ներմուծման ծավալները զգալիորեն ավելին են արտահանման ծավալներից։ Հետևապես, աճող ներմուծման պայմաններում երկիրը կարիք ունի մեծ ծավալների արտարժույթի։
Բացի այդ՝ ՀՀ տնտեսությունը կախվածություն ունի Հայաստան մուտք գործող տրանսֆերտներից։
Այս հանգամանքները մշտապես հուշում են, որ Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը կարող է բավականին բարձր լինել։
Հաշվի առնելով վերոնշյալը` ՀՀ տնտեսության դոլարայնացման մակարդակը դիտարկենք մի քանի ցուցանիշների օգնությամբ․
Տնտեսության դոլարայնացման բարձր մակարդակը ցույց տվող առաջին ցուցանիշը ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունն է փողի զանգվածին։
Վերջինիս մակարդակը 2024թ․ հուլիսին կազմել է 33․7%: Ցուցանիշը նախորդ տարվա հուլիսի համեմատ նվազել է 1․3 տոկոսային կետով։
Երկրորդ ցուցանիշը ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունն է ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին, որի մակարդակը 2024թ․ հուլիսին հաստատվել է 39․5% մակարդակում։ Վերջինս 2023թ․ հուլիսի համեմատ նվազել է 1․7 տոկոսային կետով։
Երրորդ ցուցանիշը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում։ Վերջինիս մակարդակը 2024թ․ հուլիսին կազմել է 49․7%: 2024թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում նվազել է 0․7 տոկոսային կետով։
ՀՀ տնտեսության դոլարայնացման մակարդակը նկարագրող մյուս ցուցանիշը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում, որի մակարդակը 2024թ․ հուլիսին կազմել է 44․9%։ Ցուցանիշը 2023թ․ նույն ամսվա համեմատ նվազել է 3․3 տոկոսային կետով։
Հինգերորդ ցուցանիշը ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությունն է ընդհանուր վարկերին, որը 2024թ․ հուլիսին արձանագրվել է 31․2% մակարդակում։ Վերջինս 2023թ․ հուլիսի համեմատ նվազել է 2․4 տոկոսային կետով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում