Արդարադատության նախարարության գումարը չի հերիքել 2 հատուկ նշանակության մեքենաներ ձեռք բերելու համար․ Կառավարությունը փող կավելացնի

2 Min Read

ՀՀ Կառավարությունը ևս 5 մլն 800 հազար դրամ կտրամադրի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարիքների համար 2 հատ հատուկ նշանակության մեքենաներ ձեռք բերելու նպատակով։ Որոշման նախագիծը ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի բաժնում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2 հատ հատուկ նշանակության մեքենաներ ձեռք բերելու նպատակով 2023 թվականի որոշմամբ նախատեսվել է 22 000 000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր մեքենայի համար՝ 11 000 000 ՀՀ դրամ:

Վերը նշված 2 հատ հատուկ նշանակության մեքենաներ ձեռք բերելու նպատակով՝ քրեակատարողական ծառայությունը, երեք անգամ, էլեկտրոնային աճուրդի ձևով, կազմակերպել է գնման ընթացակարգեր: Արդյունքում՝ նշված երեք գնման ընթացակարգերը հայտարարվել են չկայացած, գնման ընթացակարգին մասնակցել է միայն մեկ մասնակից, որի գնային առաջարկը՝ 29 900 000 ՀՀ դրամը, գերազանցել է գնման գինը՝ 22 000 000 ՀՀ դրամը:

Հաշվի առնելով վերոգրյալը, Արդարադատության նախարարության քրեակատատարողական ծառայությունն իրականացրել է հատուկ նշանակության մեքենայի շուկայական գնի ուսումնասիրություն և հանգել է այն եզրակացության, որ հատուկ նշանակության մեքենաներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է նախատեսել 27 800 000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր մեքենայի համար 13 900 000 ՀՀ դրամ, այսինքն անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հատկացնել ևս 5 800 000 ՀՀ դրամ:

Վերը նշված 2 հատ հատուկ նշանակության մեքենաներ ձեռք բերելու համար լրացուցիչ անհրաժեշտ 5 800 000 ՀՀ դրամ գումարը ներկայացված նախագծով նախատեսվում է ապահովել 1120.«Քրեակատարողական ծառայություններ» ծրագրի՝ 31002.«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում» միջոցառման՝ 5122.«Վարչական սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից առաջացած տնտեսված գումարներից:

Ընդ որում, նվազեցման արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա։

 

Կիսվեք այս հոդվածով