Հայաստանից արտահանվող ապրանքները շարունակում են բախվել տարատեսակ սահմանափակումների ՌԴ-ում։ Այս անգամ հերթը հասել է ՌԴ արտահանվող կոնյակին. «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան պնդում է, որ ՌԴ արտահանվող հայկական կոնյակն անորակ է։ Փորձաքննության են ենթարկվել ավելի քան 200նմուշ կոնյակ, որոնք արտադրվել են 20 տարբեր հայկական արտադրողների կողմից։ Արդյունքում պարզվել է, որ միայն թվով 20 կոնյակն են համապատասխանել ՌԴ չափանիշներին։
Կոնյակների զգալի մասում հայտնաբերվել է անհայտ ծագմամբ սպիրտ։ Անհերքելի է, որ հայկական ծագմամբ ապրանքների մասով ՌԴ շարունակական դժգոհությունները համընթաց են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման փուլերի հետ։
Կոնյակի սպիրտի արտահանումը կստանա պետական աջակցություն
Անշուշտ, արտահանվող հայկական կոնյակի մասին ռուսական կողմի նկատառումները պետք է ստուգվեն և, առկա խախտումները հնարավորինս սեղմ ժամկետում պետք է վերացնել։
Հայաստանը բացի կոնյակից արտադրում է նաև օղի, գարեջուր և գինի: Դիտարկենք ցուցանիշները.
2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում արտադրվել է 9,385 հազար լիտր կոնյակ։ Ներմուծման ծավալները կազմել են 4․5 հազար լիտր, իսկ արտահանման ծավալները՝ 7,822 հազար լիտր։
Նկատենք, որ կոնյակի արտադրության ծավալները 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել են 15%-ով, իսկ ներմուծման և արտահանման ծավալները կրճատվել են համապատասխանաբար 36%-ով և 5%-ով։
2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում արտադրվել է 4,371 հազար լիտր գինի։ Գինու ներմուծման ծավալները կազմել են 530 հազար լիտր, իսկ արտահանման ծավալները՝ 2,093 հազար լիտր։ Նկատենք, որ գինու արտադրության ծավալները 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ կրճատվել են 50%-ով, իսկ ներմուծման և արտահանման ծավալներն աճել են համապատասխանաբար 17%-ով և 4%-ով։
2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում արտադրվել է 691 հազար լիտր օղի։ Վերջինիս ներմուծման ծավալները կազմել են 310 հազար լիտր, իսկ արտահանման ծավալները՝ 164 հազար լիտր։ Նկատենք, որ օղու արտադրության ծավալները 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել են 38%-ով, իսկ ներմուծման և արտահանման ծավալները կրճատվել են համապատասխանաբար 4%-ով և 15%-ով։
2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում արտադրվել է 12,757 հազ․ լիտր գարեջուր։ Ներմուծման ծավալները կազմել են 4,077 հազար լիտր, իսկ արտահանման ծավալները՝ 810 հազար լիտր։
Նկատենք, որ գարեջրի արտադրության և ներմուծման ծավալները 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել են համապատասխանաբար 15%-ով և 0․5%, իսկ արտահանման ծավալները կրճատվել են մոտ 19%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում