Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից։
2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է եկել 1 մլն 7 346 զբոսաշրջիկ, իսկ 2024 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նրանց թիվը 946 162 է եղել։
Զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 6,1 %-ով։ Զբոսաշրջության ոլորտի զարգացումների մասին Banksnews.am-ը զրուցել է «Ավարայր» տուրիստական գործակալության տնօրեն Արկադի Սահակյանի հետ։
– Արդյո՞ք նկատվում է տուրիստների նվազում ու ո՞րն է սրա պատճառը։
– Նվազումն, իհարկե, նկատում ենք։ Հյուրանոցների տերերի հետ էլ, երբ խոսում ենք, ասում են, որ միակ շուկան տեղականն է մնացել, այն էլ նախորդ տարի այնպիսի թանկացում է եղել, որ տեղական զբոսաշրջիկի համար ևս հարմար չէ։ Պատճառները բազմաշերտ են։ Նախ եկեք հասկանանք, թե ում ենք մենք համարում ներգնա տուրիստ և ում ենք մենք անցյալ տարի հաշվել նրանց թվում նախորդ տարվա 2 մլն 300 հազարը, որ ստացել ենք։ Մենք ունեինք մի քանի 100 հազար Ռուսաստանից այցելու, տրանզիտներ, որոնք եկել էին Հայաստան մի քանի ժամով։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանում չվերթներ չկային, օգտվում էին «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունններից։ Այդ ընթացքում, որ իրենք գալիս էին, որպեսզի թռիչք կատարեն այստեղից, իրենք ժամանակ ունեին, մի քանի ժամով դուրս էին գալիս Երևան, ռեստորան այցելում, լավագույն դեպքում Վերնիսաժ գնում, հետո գնում էին Թուրքիա, Եգիպտոս, Կիպրոս, իրենց հանգիստն էին անցկացնում։ Իրենց էինք հաշվում որպես տուրիստ, որ մի անգամ մտել էին երկիր, դուրս էին եկել, և վերադարձին Ռուսաստան գնալուց էլի նույն բանն անում էինք, հաշվարկում էինք։ Բայց հիմա հաշվի առնելով, որ այդ ընթացքում անցած տարվա համեմատ Հայաստանում գները զգալի բարձրացել են թե՛ սննդի օբյեկտների արժեքները, թե՛ օդանավի տոմսերի արժեքները, իրենք սկսել են օգտվել ուրիշ ճանապարհներից։ Միևնույն ժամանակ, 37 %-ով աճել է Ռուսաստանից զբոսաշրջությունը դեպի Վրաստան, մոտ 45 %-ով աճել է զբոսաշրջիկների թիվը Ռուսաստանից դեպի Ադրբեջան, դա պատճառներից մեկն է։ Մենք չկարողացանք այդ ռուս զբոսաշրջիկներին ավելի գրավիչ պայմաններով պահել Հայաստանում։
Երկրորդը՝ իրենք գտան ուրիշ ճանապարհներ, որ գնան դեպի Եվրոպա և այլ երկրներ։ Իրենք սկսեցին օգտվել ուրիշ օդային ճանապարհներից։ Զբոսաշրջության մեջ ամենակարևոր դերակատարումն ունի կազմակերպված զբոսաշրջությունը։ Երբ դա զարգանում է, իր հետևից անհատ ճամփորդությունների քանակն էլ է մեծանում։ Բայց այս 2-3 տարին կառավարությունն ու հանրությունը ինքն իրեն խաբում էին նրանով, որ զբոսաշրջիկների թիվն աճել է։ Կազմակերպված զբոսաշրջիկ չէին, դա անհատ զբոսաշրջիկներ էին, որ գալիս էին կազմակերպվածի հետևից։ Կազմակերպվածի թիվը նվազել է։ Երկիր գովազդողը կազմակերպություններն են, որոնք անում են կազմակերպված զբոսաշրջություն։ Կազմակերպված զբոսաշրջությունը նվազում է, հետևից նվազում է նաև անհատ ճամփորդողների թիվը։
– Իսկ ինչո՞ւ է կազմակերպված զբոսաշրջությունը նվազել։
– Հիմնականում պատճառը կտրուկ գների աճն է։ Երկրորդ պատճառն այն է, որ չկա օրենք և սահմանափակում։ Երկու ամիս առաջ միաժամանակ Գառնիում կանգնած էր 11 հատ ավտոբուս, որոնցից 9 ավտոբուսը վրացական էին։ Վրաստանի միջազգային չվացուցակն ավելի լայն է, Վրաստանն ավելի ճանաչված երկիր է արտասահմանցիների, հատկապես՝ կորեացիների, Իսրայելի համար որպես տուրիստական երկիր։ Թել Ավիվ- Թբիլիսի օրական 2-3 չվերթ է գալիս։ Իրենք բերում էին զբոսաշրջիկներին Վրաստան, ման տալիս, և քանի որ մենք չունեինք սահմանափակում, որ պաշտպանենք տեղի կազմակերպություններին, նույն զբոսաշրջիկներին բերում են Հայաստան։ Դա բերեց նրան, որ հայաստանյան տուրիզմով զբաղվող գրասենյակների վիճակը ծանրացավ։ Դրան գումարած գնաճը։
– Իսկ դուք օբյեկտիվ պատճառներ տեսնո՞ւմ եք այդ թանկացման համար։
– Ո՛չ, չեմ տեսնում, քանի որ մինչև թանկացումը և հիմա տուրիստական մենյուի մեջ որևէ փոփոխություն չկա, ճաշացանկը մնացել է նույնը։ Բացի դրանից, որ գինը բարձրացել է, եկեք հաշվի առնենք, որ 2 տարի առաջվա հետ համեմատ դոլարի գինն ընկել է, դոլարը 480 դրամ էր, տուրիստին կերակրելը 5500-6000 դրամ էր նստում։ Այսօր դոլարը 380 դրամ է 5500-6000 դրամանոց մենյու չկա, 6500-8000 դրամ է մենյուների արժեքը դարձել։
Երկրորդը՝ շատ վատ ազդեցություն թողեց նաև կառավարության կամ ՊՈԱԿ-ների որոշումը սեզոնի կեսին թանգարանի տոմսերի արժեքի բարձրացումը։ Առանց տեղյակ պահելու թանկացրին տոմսերը։ Ասում են՝ ընդամենը 500-1000 դրամ է թանկացել։ Դա թեթև գին է, բայց երբ տարածում ես ընդհանուր տուրիստական շուկայի վրա, խնդիրներ է առաջացնում։ Դու արդեն տուրիստին չես կարող ասել՝ թանգարանը թանկացել է։ Գրասենյակը ստիպված է լինում իր հաշվին ծախսերը հոգալ։ Դրան գումարած վառելիքի արժեքը։ Խմբեր կան, որ ընդունում ենք, որոնց արժեքը տվել ենք 2 տարի առաջ։ Մենք անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին ցուցահանդեսների ժամանակ գին էինք տալիս, վերլուծություն էինք անում, կարդում էինք Կենտրոնական բանկի տնտեսագետների գնահատականը, որ, այո՛, հավանական է, որ նոր տարուց հետո դոլարը կլինի 400 դրամին մոտ։ Նախօրոք հաշվարկ ես անում, ասում ես՝ շատ չթանկանա, միջինը 400 դրամով հաշվենք, 395-400 դրամով դոլարը հաշվում ես։ Այսօր նոր դոլարը բարձրացել, հասել է 385 դրամի։ Մինչև այդ 378-380 դրամ էր։ Դոլարի մեջ մինչև 30 դրամի կորուստ ես տալիս, դա արդեն 6,5-7 տոկոս մինիմում կորուստ է տարադրամի փոխանակման կուրսի վրա։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Զբոսաշրջության կոմիտեի գործողությունները։
– Ընդհանուր առմամբ, կարևորը երկար պայքարից հետո բյուջեն է ավելացել զբոսաշրջության։ Կոմիտեն ցուցահանդես կազմակերպող չի իմ պատկերացմամբ։ Կոմիտեն չպետք է զբաղվի ցուցահանդեսների կազմակերպումով, ճանաչողական այցերով, բայց դա պետք է լինի կոմիտեի 7-րդ, 8-րդ աշխատանքը։ Դա կառույց է, որը պետք է մշակի պետական քաղաքականությունը զբոսաշրջության ոլորտում։ Կոմիտեն կառույց է, որը պետք է երկարաժամկետ ծրագրեր մշակի։
Կոմիտեի ֆունկցիան դարձել է երկիր գովազդելը, դրա համար կան ուրիշ կառույցներ։ Կոմիտեն պետական քաղաքականություն մշակող, իրականացնող կառույց է. այսօրվա վիճակով լուրջ օրենսդրական ակտերի պատրաստման գործընթացով պետք է զբաղվի։ Դեռ կոմիտեն քայլում է խնդիրների հետևից, ինքը առջևից չի գնում։
– Անցած տարվա վերջում զբոսաշրջության վերաբերյալ օրենք ընդունվեց։ Ի՞նչ եք կարծում՝ դա ինչ-որ չափով չի կարգավորու՞մ հարցը։
– Օրենքն ընդունվել է, բայց այդ օրենքն իր ենթաօրենսդրական ակտերն ունի, այն պետք է լիցենզավորման կարգ սահմանի, կան նախատեսված գործունեության տեսակներ, որ պետք է լիցենզավորում ստանան։ Օրենքը թերի է, օրենքն ընդունվել է, բայց այն որպես գործիք օգտագործելու մեխանիզմները չկան։
– Կարծում եք հապաղո՞ւմ են։
– Ամեն դեպքում ես գտնում եմ, որ լրջորեն չի դիտարկվում վտանգը, որը ներկայումս կա։ Անկազմակերպ պլանով թողած զբոսաշրջությունը բերեց սրան։ Նախանցած տարի, երբ մենք գոռում էինք, ասում էինք՝ հրապարակից հավաքեք փողոցային տուրիստական գրասենյակները, այդ մարդիկ անգրագետ են, նրանք Հայաստանի մասին տարածում են կեղծ ինֆորմացիա, այս տարի նոր սկսեցին դրա դեմն առնել։ Բայց նրանք իրենց գործն արդեն արել էին։
Ճամփորդությունից գոհ վերադարձած զբոսաշրջիկը դրա մասին պատմում է իր մտերիմներին։ Բայց երբ դու ինչ- որ տեղ գնում ես ու քեզ խաբում են, վատ ծառայություն են մատուցում, բռակ ապրանք են վաճառում, դու փորձում ես պատմել բոլորին, որ մարդկանց պաշտպանես։ Միայն գոհ գնացած տուրիստը իր հետ բերում է 2-3 լրացուցիչ այցելու։ Միակ դժգոհ գնացածը` տասնապատիկով պետք է բազմապատկես։ Բայց երբ մենք նայում ենք այս երկու տարին, հատկապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի իրադարձություններից հետո, որ ռուսները եկել էին Հայաստան, Վերնիսաժում կամ հուշարձանների կողքը թափառող մեր հայրենակիցներին տուր օպերատորները սպասարկում էին իրենց գիդերով՝ անթրաշ, կեղտոտ ավտոներով, պրիմիտիվ ինֆորմացիայքվ։
Էդպիսի զբոսաշրջություն, որ թույլ ենք տվել, մենք այսօր քաղում ենք դրա հետևանքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում