Մոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և հարևան այլ երկրներ, որտեղ մուտքի համար այցագիր չի պահանջվում, մոտակա ուղիղ չվերթները սպառվել են․ հետևում է ավիաընկերությունների և տոմսերի ագրեգատոր կայքերի տվյալներից: Հայտնում է РБК-ն:
Aviasales ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։
Նույն իրավիճակն է Մոսկվայից Երևան ուղիղ չվերթների դեպքում։ Aeroflot-ի կայքում սեպտեմբերի 23-ի համար մնացել են միայն բիզնես դասի տոմսեր՝ 122 հազար ռուբլուց սկսած, իսկ 24-ին դեռ կարելի է «էկոնոմ» դասով թռչել 62 հազար ռուբլով։
Aeroflot-ից դեպի Բաքու ուղիղ չվերթի տոմս կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ՝ 74,5 հազար ռուբլով: Մինչդեռ «Ադրբեջանական ավիաուղիները» սեպտեմբերի 22-ի տոմսեր ունի 719 եվրոյով և սկսած սեպտեմբերի 24-ից՝ 394 եվրոյով։
Սեպտեմբերի 23-ից Aeroflot-ից կարելի է տոմս գնել դեպի Տաշքենդ՝ 64 հազար ռուբլով:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», – ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:
«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», – ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում: