Փարիզում անցկացված 33-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների թվաքանակով առաջին երեք հորիզոնականներում են հայտնվել ԱՄՆ-ն, Չինաստանը և Ճապոնիան։ Նկատենք, որ ԱՄՆ-ն կարողացել է ստանալ 40 ոսկյա, 44 արծաթե և 42 բրոնզե մեդալ։ Անշուշտ, օլիմպիական խաղերն առավել մրցակցային կլինեին, եթե նրանցում մասնակցություն ունենային ռուսները։
Ինչևէ, մեզ հատկապես հետաքրքում են հայ մարզիկների հաջողությունները։ Մեդալների թվաքանակով Հայաստանը զբաղեցրել էր 66-րդ հորիզոնականը։ Մեր մարզիկները բերել են 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Իհարկե, շնորհավորում ենք մեր մարզիկներին և գնահատում նրանց կատարած աշխատանքը, սակայն կարծում ենք, որ տարածաշրջանում մենք պարտվել ենք մեդալների մրցավազքում։
Այդ ինչպես կարելի է հասկանալ, որ Փարիզի 33-րդ օլիմպիական խաղերում վրացիները գրավել են 24-րդ հորիզոնականը՝ տուն տանելով 3-ական ոսկյա և արծաթե, ինչպես նաև 1 բրոնզե մեդալ։
Ադրբեջանն էլ զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը՝ տուն տանելով 2-ական ոսկյա և արծաթե, ինչպես նաև 3 բրոնզե մեդալ։
Այս արդյունքները պետք է դառնան լուրջ ուսումնասիրության առարկա։
Մինչ այդ, ներկայացնենք հետևյալ վիճակագրությունը․
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ․ Հայաստանում մարզական հաստատությունների քանակը կազմել է 174 միավոր։ Ցուցանիշը 2022թ․ համեմատ որևէ փոփոխության չի ենթարկվել։
Մարզական հաստատությունների 36%-ը տեղակայված է Երևանում, իսկ 64%-ը՝ մարզերում։
Հայաստանում մարզիչ-մանկավարժների թվաքանակը 2023թ․ կազմել է 2,152 մարդ` 2022թ․ համեմատ ավելանալով 27-ով։
Մարզիչների թվաքանակի մոտ 42%-ը Երևանում է, իսկ 58%-ը՝ մարզերում։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում 10,000 բնակչի հաշվով մարզիչ-մանկավարժների թվաքանակը կազմում է 7 մարդ։ Այս ցուցանիշով առաջատար են Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը։
Իսկ մարզիկների թվաքանակը 2023թ․ կազմել է 45,277 մարդ. 2022թ․ համեմատ ավելացել է 1,353 մարդով։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 10,000 բնակչի հաշվով ՀՀ-ում մարզիկների թվաքանակը կազմում է 153 մարդ։ Վերջիններիս մոտ 47%-ը կենտրոնացած է Երևանում, իսկ 53%-ը՝ մարզերում։
- Ամփոփելով, պետք է եզրակացնել, որ սպորտի զարգացման մասով աշխատանքներ տարվում են, սակայն դրանք այնքան էլ արդյունավետ չեն։ Սպորտի նկատմամբ սերը պետք է սերմանել դեռևս մանկապարտեզներից։ Սակայն այցելեք դպրոցական սպորտդահլիճներ և հիասթափվելու շատ առիթներ կլինեն. դրանցից շատերն անմխիթար և անհյուրընկալ վիճակում են։