Ակնհայտ է, որ մեզ պետք է արդեն որոշում կայացնել Հայաստանում ատոմակայանի նոր բլոկի կառուցման վերաբերյալ, սակայն որոշումն այդպես էլ չի կայացվում։ Այս մասին Banksnews.am-ի հետ հարցազրույցում ասաց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը։
– Կառավարության վերջին նիստերից մեկում որոշում ընդունվեց ստեղծել ընկերություն, որը կզբաղվի ատոմակայանի կառուցման հետ կապված հարցերով։ Ի՞նչ է սա նշանակում ու ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործողություններն այս մասով։
-Կառավարության գործողություններն առնվազն դրական չեմ կարող գնահատել՝ ելնելով հետևյալ հանգամանքից․ գործող ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկը, որի շահագործումը փաստացի երկարացվում է մինչև 2036 թվականը, նոր մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության առջև: Մարտահրավեր, որի հաղաթահարման ուղղությամբ բավարար միջոցառումներ չեն իրականացվում: Ակնհայտ է, որ մեզ պետք է արդեն որոշում կայացնել նոր բլոկի կառուցման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ եթե խոսքը գնա միջին կամ մեծ հզորության բլոկի կառուցման մասին, անհրաժեշտ է լինելու առնվազն 10 տարի։ Ուստի օր առաջ անհրաժեշտ է այդ ռազմավարական որոշումը կայացնելը, բայց դա չի արվում։ Սա զուտ տնտեսական կամ տեխնիկական հարց չէ։
Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներից, մասնավորապես աշխարհաքաղաքական երկու կենտրոններից՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից, դրան զուգահեռ նաև Ֆրանսիայից ու Հարավային Կորեայից Հայաստանին առաջարկում են միջուկային բլոկի կառուցման որոշակի սցենարներ, և հենց այս առաջարկների մեջ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա կողմնորոշվել, բայց մենք այսօր փաստացի չունենք արտաքին քաղաքականության վեկտոր։
Որքան էլ չի խոսվում վերջինիս փոփոխության մասին, մենք չունենք նաև արտաքին տնտեսական քաղաքականության ռազմավարություն, հետևաբար չի կայացվում վերջնական որոշում առ այն, թե որ առաջարկի իրականացման ճանապարհով մենք պետք է շարժվենք։ Ամեն օր լսում ենք տարբեր հայտարարություններ միջուկային էներգետիկայի զարգացման անհրաժեշտության մասին, որ հայկական «խաղաղ ատոմը» պետք է շարունակի իր զարգացման ընթացքը, բայց հստակ կիրառական որոշում մենք այդպես էլ չենք տեսնում։ Կարծում եմ՝ այստեղ անհրաժեշտ է նախ և առաջ շատ մեծ քաղաքական կամք՝ որոշում կայացնելու համար։
Ընկերության ձևավորումը համարում եմ դրական քայլ, սակայն դա բավարար չէ։ Նախ և առաջ մեզ անհրաժեշտ է ունենալ էներգետիկ անվտանգության ազգային դոկտրին, որտեղ կհստակեցվի, թե միջուկային էներգետիկայի զարգացման ինչպիսի սցենար ենք երկարաժամկետ կտրվածքով մեզ համար սահմանում, որպեսզի ստեղծված ընկերությունն արդեն կարողանա այդ ռազմավարությունը սպասարկել։ Հակառակ դեպքում դա կլինի հերթական պետական ընկերություններից մեկը, որը պարզապես ինչ-որ ֆորմալ գործառույթներ իրականացնելով՝ չի ծառայի իր ոլորտի զարգացմանը։
– Անդրադառնանք արևային էներգետիկային։ Կան տեսակետներ, որ այստեղ մեծ պոտենցիալ ունենք, և ուզում են մինչև 15%-ի հասցնել դրա տեսակարար կշիռը։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է մեկը մյուսով փոխարինել։
– Իմ ընդհանուր գնահատականով՝ նման միտում այսօր իսկապես կա։ Հարցն ունի տեխնիկական և կրկին քաղաքական կողմ։ Տեխնիկական կողմի մասին կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի դրա ներուժը։ Մենք հարուստ ենք արևային ժամերով։ Վիճակագրական տվյալներով՝ 1 քմ-ի վրա բաժին է ընկնում 1720 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա ներուժ. սա բավականին լուրջ ցուցանիշ է։ Համեմատության համար ասեմ, որ Եվրոպայում այդ ցուցանիշը տատանվում է 1200-ից 1300 կվ/ժամ։
Մյուս կողմից, այո, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարողացել է այս տարիներին ձևավորել այնպիսի գնային քաղաքականություն, որը քիչ թե շատ կարող է բխել արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնող սուբյեկտի շահերից։ Բայց արդեն գանք հարցի համակարգային կողմ. Հայաստանի էներգետիկ համակարգն առհասարակ ավելցուկային է։ Մենք ունենք հսկայական էներգետիկ հզորություններ, ունենք ատոմակայան, որը փաստացի գործելու է մինչև 2036 թվական, ունենք ջերմաէներգետիկ համալիր, որի շահագործման և մոդեռնիզացման համար ներգրավվել են հսկայական վարկային միջոցներ, ուստի այդ վարկային պարտավորություններն իրականացնելու համար վարկերը մարելու նպատակով երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է ապահովել այդ ջերմաէլեկտրակայանների տեսակարար կշիռը։ Խոսքը, օրինակ, Երևան ՋԷԿ-ի մասին է կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի, որի վնասները փոխհատուցելու համար պետբյուջեից տարեկան 32 մլն դոլար է հատկացվում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:
Մենք ունենք նաև հիդրոէներգետիկա՝ բավականին մեծ համալիր, որն այսօր սպասարկում է մեր էներգետիկ համակարգի 25-30 %-ը, որում ևս իրականացվել են հսկայական ներդրումներ։ Այնպես որ` այդ փոխարինելու գաղափարը, որ այդքան շրջանառվում է, գուցե հնարավոր է, բայց շատ երկարաժամկետ կտրվածքով: Կրկին նշեմ, որ մենք չունենք էներգետիկ անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն։ Այո, առկա է 2020 – 2040 թթ. ծրագիր, բայց ծրագիրն առանց դոկտրինի առոչինչ է: Եթե ունենանք դոկտրին, որ, օրինակ, 25-30 տարի հետո միջուկային էներգետիկան փոխարինվելու է արևային կայաններով, դրա համար պատրաստվել, համապատասխան տնտեսական հաշվարկներ կատարել, ներդրումային միջավայր ստեղծել և այլն, որքանով էլ ռազմավարական և անվտանգային տեսանկյունից բացասաբար վերաբերվեմ, դրանում կլինի ինչ-որ տրամաբանություն։
Մենք լսում ենք հայտարարություններ արևային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին, և չենք տեսնում` ինչպես է դա համակցվում մեր ընդհանուր միջնաժամկետ էլեկտրաէներգիայի պահանջարկի դինամիկայի հետ։ Ամենամեծ խնդիրը, որ մենք ունենք, հետևյալն է. այսօր փաստացի չունենք կանխատեսում առ այն, թե օրինակ 3 կամ 5 տարի անց մենք էլեկտրաէներգիայի ինչ պահանջարկ ենք ունենալու հանրապետությունում։
Չկա նաև համակարգված պլանավորում։ Այն տեմպերը, որով այսօր իրականացվում է արևային կայանների կառուցումը, այլևս չի համապատասխանում մեր ընդհանուր էներգետիկ բալանսին, խախտում է էներգետիկ բալանսը, ստեղծում է հսկայական էներգետիկ ավելցուկ։ Վերջ ի վերջո, մենք սպառման տեսանկյունից բավականին համեստ երկիր ենք, մենք չունենք մեծ արտադրություն, հզորություններ, տնտեսության մոտ 60 տոկոսն ապահովվում է ի շնորհիվ առևտրի և ծառայությունների, որոնք էներգատար ուղղություններ չեն, հետևապես գերծանրաբեռնումը էլեկտրաէներգետիկ հզորություններով ստեղծում է դիսբալանս։ Սրա մասին արդեն կառավարությունն ինքն է ասում։
– Իսկ արտահանման մասով ի՞նչ հնարավորություններ ունենք։
– Արտահանման համար մեզ պետք են լուրջ ենթակառուցվածքային լուծումներ։ Մենք այսօր փաստացի կարող ենք արտահանում իրականացնել և իրականացնում եք Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի ուղղությամբ։ Որպեսզի այդ ծավալներն ավելացվեն, մեզ անհրաժեշտ է կյանքի կոչել Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը։ Մենք ունենք ենթանախագիծ, որն առայժմ ավարտված չէ, խոսքը Իրան-Հայաստան երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի մասին է, որը շահագործման պարագայում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը 400 մգվտ-ից կարող էր հասնել 1200 մեգավատի։
Լավ հնարավորություն կարող է ստեղծվել Իրանից Հայաստան գազի ներկրման ծավալներն ավելացնելու համար՝ բարտերային գործարքի շրջանակներում՝ գազ` էլեկտրաէներգիայի դիմաց։ Այդ նախագիծը պետք է շահագործման հանձնված լիներ 2019 թվականին, առ այսօր այն իրականացված չէ, և մենք տեսնում ենք, թե ինչպես Հայաստանը հետզհետե կորցնում է իրանական էլեկտրաէներգետիկ շուկան. այնտեղ կան շատ ավելի մրցունակ խաղացողներ հանձին Թուրքմենստանի, ով կարողանում է ավելի էժան էլեկտրաէներգիա արտահանել։
Վերջին երկու տարվա ընթացքում մենք տեսնում ենք նաև Ադրբեջանի ակտիվացումն Իրանի էլեկտրաէներգետիկ շուկայում։ Սա՝ մի ուղղություն, որը եթե առայժմ ոչ ամբողջությամբ ձախողված է, բայց մոտ է դրան` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս էլ Թեհրանը, Բաքուն և Մոսկվան պայմանագիր կնքեցին հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցք ձևավորելու վերաբերյալ, որը փաստացի շրջանցում է Հայաստանը։
Մյուս ուղղությունը Վրաստանն է։ Մենք տարիներ շարունակ արտահանում էինք այնտեղ սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 10%-ը։ Այսօր արտահանումն իրականացվում է բացառապես փոխանակման ձևաչափով, այսինքն, օրինակ, Թբիլիսիի էլեկտրաէներգետիկ համակարգում վթար է տեղի ունենում, մի քանի ժամ էլեկտրաէներգիա ենք մատակարարում, հետո տարվա ընթացքում այդ նույն ծավալով էլեկտրաէներգիան մեզ հետ է վերադարձվում։ Սա արձանագրվում է վիճակագրական ծառայությունների կողմից որպես ներկրում-արտահանում, բայց փաստացի սա պարզապես փոխանակում է։ Բացի դրանից, եթե Իրանի ուղղությամբ ինչ-որ բան արվում է, Վրաստանի ուղղությամբ մենք բացարձակ ձախողման մասին կարող ենք խոսել՝ հաշվի առնելով նաև կառավարության կողմից հայտարարված մրցույթի կասեցումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում