Հայաստանն ապրում է իր անկախության ամենաբարդ ժամանակահատվածը: 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո խարխլվեցին հաղթանակած պետության բոլոր հիմքերը: Ներկայումս իրավիճակն ավելի քան սրված է: Հայաստանը սպասողական վիճակում է և պատրաստվում է դիմակայել թշնամական հնարավոր գործողություններին: Ինչպես միշտ, Հայաստանը կրկին մնացել է միայնակ իր խնդիրների հետ: Հարց է առաջանում` ինչու՞ է պատմությունը նորից կրկնվում: Պատասխանը շատ կոնկրետ տալիս է հայոց եկեղեցու այրերից Բագրատ եպիսկոսպոս Գալստյանը`նշելով, որ մենք պարտվեցինք մեղքին:
ՀՀ անկախության տարիների ամենացավալի իրողություններից մեկը համատարած արտագաղթն է, որը շարունակվում է մինչև մեր օրեր: Արտագաղթի արդյունքում իրավիճակը երկրում ավելի է վատթարանում: Դատարկվում են սահմանամերձ գյուղերը, նվազում է ծնելիության մակարդակը, հասարակությունն արագ ծերանում է և այլն: Այս ամենն ազդում է ՀՀ ընդհանուր անվտանգության վրա: Դեմոգրաֆիական աղետալի վիճակն էականորեն կրճատում է մեր տնտեսության պոտենցիալը և հանգեցնում առկա մարտահրավերների էլ ավելի սրացմանն և խորացմանը:
Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ-ում կենսունակության գործակիցը, որը, ինչպես ներկայացվում է ՎԿ-ում, ծնվածների և մահացածների հարաբերակցությունն է:
Կենսունակության գործակցի մասով 2022 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածի կտրվածքով արձանագրվել են հետևյալ արդյունքները.
Գծապատկեր 1. Կենսունակության գործակիցը 2020-2022 թվականների հունվար-հուլիս ժամանակահատվածում։
2022 թվականի հունվար-հուլիսին կենսունակության գործակիցը կազմել է 118 %, այն պարագայում, երբ 2021 և 2022 թվականների հունվար-հուլիսին ցուցանիշն արձանագրել է համապատասխանաբար՝ 108 % և 113 % արդյունքները:
Դիտարկենք իրավիճակը 19 տարվա կտրվածքով.
Գծապատկեր 2. Կենսունակության գործակիցը 2004-2020 թվականներին
Ինչպես կարելի է նկատել կենսունակության գործակցի առավելագույն մակարդակ դիտվել է 2009 և 2010 թվականներին՝ 161 %: Այս տարիներին արձանագրվել է ծնվածների թվաքանակի առավելագույն մակարդակ: Կենսունակության գործակցի նվազագույն մակարդակ արձանագրվել է 2020 թվականին՝ 101 %, երբ ծնվածների և մահացածների թվաքանակը չափազանց մոտ է եղել իրար։ Ընդհանրապես, 2017 թվականից սկսած վերադարձել ենք կենսունակության գործակցի 2005 և 2006 թվականների մակարդակին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում