Արդյունաբերական խեցգետնաբուծության մեկ տնտեսություն կա Մասիսում, որն ունի շուրջ 8 տոննա ապրանքային խեցգետին:
Պետությունն ակնկալում է, որ ծրագրի աջակցության արդյունքում շահառուները կավելանան: Խոսելով այս մասին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը նշել է․
«Ծրագրի շրջանակներում այս պահին ունենք 1 պայմանագիր Շիրակի մարզի սահմանամերձ Ողջի համայնքում: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախարարության կողմից աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ ևս 2 պայմանագիր ստորագրելու մասով: Ակնկալում ենք, որ մինչև երրորդ եռամսյակի ավարտը կունենանք ևս 2 ստորագրված պայմանագիր խեցգետնաբուծության զարգացման մասով»:
Պետության աջակցության չափը կազմելու է 50 տոկոս: Նախատեսված է փոքր, միջին ու մեծ խեցգետնաբուծարանների կառուցում: «72 մլն դրամ գնահատված է փոքրը, 129 մլն դրամ՝ միջինը և 183 մլն դրամ՝ մեծ համալիրների դեպքում, 50 տոկոսը փոխհատուցվում է պետության կողմից, բայց ոչ ավելի, քան ծախսային հոդվածով նշված գումարների 50 տոկոսը»,-տեղեկացրեց Տաթևիկ Սարգսյանը:
«Արդյունավետ իրականացման պայմաններում պետությունն ակնկալում է տարեկան 54 տոննա ապրանքային խեցգետնի արտադրություն»,-նշեց Սարգսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում