ՊԵԿ-ը նորից ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ: Ահաբեկչություն բառը որպես չափազանցություն չեմ գրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը։
«Բառարանում եթե նայենք, ահաբեկչություն նշանակում է քաղաքացիական հասարակության նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառել սեփական նպատակներին ծառայեցնելու համար: ՊԵԿ ի գործողությունները երբեմն 100 տոկոսով համապատասխանում է ահաբեկչության ձևակերպմանը:
Վերջին շրջանում ՊԵԿ-ը ակտիվ կալանավորում է գործարարներին, խարդախության համար քննչական է դիմում, հետ չի տալիս բիզնեսի ԱԱՀ դեբետները և այլն: Պատճառը՝ բյուջետային մուտքերը նախատեսվածից թույլ են, քանի որ տնտեսությունն է նախատեսվածից թույլ զարգանում:
Ժամանակին, երբ օրենքները գրվում էին միայն նրա համար, որ մարդիկ դրանք խախտեին ու չինովնիկները շահույթ ստանային այդ խախտումից՝ ՊԵԿ-ը մի օրենք մշակեց, որ եթե բիզնեսը 4 միլիոն դրամից ավել խախտում է անում, ապա ՊԵԿ-ը կարող է քրեական գործ բացել գործարարի վրա ու կալանավորել: Պատկերացնում եք աբսուրդը, բիզնեսը 10 միլիարդ դրամ շրջանառություն է անում, այդ թվերի մեջ 4 միլիոնի խախտում կարող է հաշվապահի փռշտոցից լինել ու արդյունքում տնօրենին կալանավորում են: Հիմա երկրորդ ամենահետաքրքիր մասը՝ այդ խախտումը կարող է արձանագրվել զուտ հարկային տեսուչի կարծիքի հիման վրա ու հետո չեղարկվել, բայց կալանքն արդեն եղել է:
Ժամանակին մենք երկար պայքարեցինք, որ գործարարը քրեականի տակ ընկնի ոչ թե ֆիքսված, այլ շրջանառության որևէ տոկոսին համապատասխան թվի խախտման դեպքում: Ասենք շրջանառության 10% ի, քանի որ համաձայնեք, որ սխալ է 5 միլիարդ շրջանառության դեպքում 4 միլիոնի խախտումից կալանավորելը: Շրջանառության տոկոսի հետ կապել չստացվեց, բայց 4 միլիոնը դարձրեցին 10 միլիոն, առանձնապես խոշոր չափերի խախտումն էլ՝ 20 միլիոն:
Հիմա այս չարաբաստիկ կետը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածն է և նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում 10 կամ առանձնապես խոշոր չափի՝ 20 միլիոն դրամ հարկ թաքցնելու դեպքում:
Այս տարի բյուջետային մուտքերը նախատեսվածից քիչ են հավաքվում, քանի որ տնտեսությունը նույնպես նախատեսվածից թույլ է զարգանում ու արդյունքում ՊԵԿ-ը հարձակվել է բիզնեսի վրա: Իսկ աշխատանքի իմիտացիայի համար շատ կալանքներ են պետք ու սկսել են աջ ու ձախ կալանավորել գործարարներին:
ՊԵԿ ը թերևս միակ պետական կառույցն է, որը խրոնիկ չի ուզում շփվել իր կարգավորման տիրույթում գտնվող դաշտի խաղացողների հետ: Բիզնեսը իրենց աշխատավարձ է տալիս ծառայելու համար, բայց ՊԵԿ-ը չի ուզում շփվել իր գործատուների հետ, արդյունքում ՊԵԿ-ը զբաղված է սուբյեկտիվ, առանց տնտեսվարողների կարծիքը հաշվի առնող օրենսդրական փոփոխություններով: Վերջին 2 տարին ՊԵԿ-ն ավելի շատ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, քան վերջին 20 տարում ու գրեթե բոլոր դեպքերում միակողմանի, առանց բիզնեսի կարծիքը հաշվի առնելու ու գրեթե բոլոր դեպքերում ընդդեմ բիզնեսի: Դե ուրիշ ձև չի էլ կարող լինել, ՊԵԿ-ը պատկերացում չունի տնտեսությունը կերտող բիզնեսների մասին, քանի որ այդ պատկերացումը ՊԵԿ-ի մոտ հիմա կազմվում է միայն մի կողմի կարծիքների հիման վրա:
Բյուջետային մուտքերը պակասել են, շատ վատ է, հատկապես, որ մեծ խնդիրների առաջ է կանգնած մեր պետությունը, բայց մի քիչ երկար մտածեք, ահաբեկչությամբ բյուջեն լցնելը հաստա՞տ լավ գաղափար է, կարող է՞ բյուջեն լցնող բիզնեսներից էլ կարծիք հարցնեք, թե ի՞նչ կարելի է անել: Վերջերս բազմաթիվ բիզնեսների եմ հանդիպում, որ գումարները դուրս են հանում ներդրումների համար, ինչու՞, որովհետև անկանխատեսելի է Հայաստանում, ո՞վ կուզի Հայաստանում ներդրում անել, երբ 25,000 դոլարի խնդրի կասկածի դեպքում գործարարին բանտ են նստեցնում, էն էլ մի կիասգրագետ հարկային տեսուչի ցուցումով:
ՀԳ. Վաղը թեման կշարունեկեմ, ՊԵԿ-ի մեկ այլ, հերթական Հայաստանի տնտեսության դեմ կազմակերպված քայլի մասին»,-գրել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում