Եվրոգոտին պատրաստվում է իր դռները բացել Բուլղարիայի առջև։ Տարբեր տեղեկավական աղբյուրներից հայտնում են, որ եվրոն կսկսի շրջանառվել Բուլղարիայում 2025թ․ կեսերին։
Երկրում սկզբում կգործեն միաժամանակ երկու արժույթները՝ բուլղարական լևը (BGN) և եվրոն։ Նշենք, որ Բուլղարիայի՝ եվրոգոտուն միանալը տեղի չի ունեցել մեկ օրում, այս գործընթացը կարող է տևել տարիներ։ Ընդ որում՝ վերլուծաբանները փաստում են, որ Բուլղարիան չէր կարողանում եվրոգոտի մուտք գործել երկրում արձանագրված բարձր գնաճի պատճառով։ Սա նշանակում է, որ երկիրը կարող է միանալ եվրոգոտուն, եթե բավարարված են Մաաստրիխտի չափանիշները՝ սոցիալ-տնտեսական որոշակի շեմային ցուցանիշներ, որոնք պետք է թեկնածու երկիրն ապահովի։
Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել Բուլղարիայի տնտեսության մի շարք կարևոր ցուցանիշները․
Նկատենք, որ 2023թ․ Բուլղարիայի ֆիսքալ բալանս/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է -1.9%։ Նկատենք, որ Մաաստրիխտի չափանիշների համաձայն եվրոգոտու անդամ երկրի ֆիսքալ բալանսը պետք է լինի դրական կամ 0-ին մոտ։ Բացառության կարգով թույլատրվում է բյուջեի պակասուրդ, որը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ․ Բուլղարիայի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 28%։ Վերջինս էական ցածր է Մաաստրիխտի չափանիշով սահմանված 60% մակարդակից։ Արդեն մեկ տարի է 1 լևի արժեքը կազմում է €0,51։
Մաաստրիխտի չափանիշների համաձայն` գնաճը թեկնածու երկրում կարող է տատանվել եվրոգոտու ամենակայուն գներով 3 երկներում արձանագրված գնաճի մակարդակից [-1.5,1.5] միջակայքում։ Սակայն շատ հաճախ դիտարկում են ոչ թե եվրոգոտու 3 երկիր, այլ Եվրոպայում ընդհանուր գնաճը։ Մասնավորապես, նկատենք, որ 12 ամսյա գնաճը 2024թ․ հունիսին եվրոգոտում կազմել է 2․59%, իսկ Բուլղարիայում՝ 2․77%։
Պետք է նշել, սակայն, որ եվրոգոտու ընլայնման համար ընտրված ժամանակաշրջանն այնքան էլ ճիշտ չէ։ Եվրոպայի սրտում ընթացող պատերազմը ստեղծում է որոշակի ռիսկեր: Եվրոգոտին շարունակ ընդլայնվում է՝ իր ընտանիքը համալրելով տարբեր տնտեսություններ ունեցող երկրներով, ինչը ևս մտահոգիչ է։
Ներկայիս ճգնաժամային իրավիճակը կարգավորելուց հետո Մաաստրիխտի չափանիշների կրկնօրինակը կարող ենք տեսնել նաև Եվրասիական միությունում։ Սակայն, այս պարագայում դժվար է ասել՝ արդյո՞ք Եվրասիական միության ամենախոշոր տնտեսությունը՝ Ռուսաստանը, կգնա սեփական արժույթը զոհաբերելու ճանապարհով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում