ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է պատժամիջոցների սահմանման ռիսկի մասին, եթե վերջինս Ռուսաստանին մատակարարի ամերիկյան տեխնիկա, ինչը կարող է օգտագործվել սպառազինություն արտադրելու համար։
ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդն Անկարայում և Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ և կոչ արել ուժեղացնել վերահսկողությունը կիսահաղորդչային չիպերի և ամերիկյան արտադրության այլ բարձր տեխնոլոգիական մասերի արտահանման նկատմամբ:
Աքսելրոդը նշել է, որ Թուրքիան պետք է օգնի ԱՄՆ-ին դադարեցնել ամերիկյան տեխնոլոգիաների անօրինական հոսքը դեպի Ռուսաստան։
Ընդ որում՝ այդ արձագանքը պետք է լինի հնարավորինս շուտ, այլապես մենք այլ ընտրություն չենք ունենա, քան պատժամիջոցներ կիրառել թուրքական իշխանությունների եւ արդյունաբերության նկատմամբ, ովքեր շրջանցում են մեր արտահանման վերահսկողությունը,-ասելէ նա։
Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ճապոնիան արգելել են ռազմական նշանակության` մոտ 50 տեսակի ապրանքների մատակարարումը Ռուսաստան։
Թուրքիան այդ պատժամիջոցներին չի միացել և շարունակել է առևտուր անել Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունն արդեն սահմանափակումներ է մտցրել թուրքական 18 ընկերությունների նկատմամբ՝ ամերիկյան ձեռնարկություններին պարտավորեցնելով հատուկ լիցենզիաներ ստանալ դրանց որոշակի խմբերի ապրանքների վաճառքի համար:
Գերատեսչությունում սպառնացել են, որ առաջիկայում սպասելի են ավելի շատ սահմանափակումներ։
Հաշվարկների համաձայն՝ 2024թ․ առաջին կիսամյակում Թուրքիայից Ռուսաստան ռազմական նշանակության ապրանքների արտահանումը կազմել է $85 մլն (2022 թ․ նույն ժամանակահատվածում՝ $27 մլն)։
2023թ․ համեմատ վերոնշյալ արտահանման ծավալները նվազել են, ինչը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բացատրել է նախագահ Ջո Բայդենի անցյալ տարվա դեկտեմբերյան հրամանագրով, ինչը թույլ է տվել պատժամիջոցներ սահմանել երրորդ երկրների բանկերի դեմ՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ փոխգործակցության համար։
Թուրքիան ավելի վաղ խոստացել էր թույլ չտալ շրջանցել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում