Տեխնոլոգիական զգալի տեղաշարժերի արդյունքում աշխարհում ավտոմոբիլաշինությունը հաստատուն կերպով տեղափոխվում է նոր իրականություն, որտեղ գերակշռող են լինելու ոչ ավանդական վառելիքով աշխատող ավտոմեքենաները։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է էլեկտրական մեքենաներին, որոնց շուկաներին տիրանալու համար ուժեղ պայքար է մղվում աշխարհի խոշոր մեքենաշինական կորպորացիաների միջև։
Այս միտումը զգացվում է նաև Հայաստանում. պահանջարկը էլեկտրական մեքենաների նկատմամբ շարունակ աճում է։ Երևանի յուրաքանչյուր հատվածում տեղադրված են էլեկտրական մեքենաները լիցքավորելու կայաններ։
Էլեկտրական մեքենաներին անցման գործընթացը տարբեր երկրներում յուրահատուկ ձևով է ընթանում։
Այսպես, վիճակագրական տվյալները փաստում են, որ աշխարհում միայն 4 երկրում է արձանագրվել արդյունք, որի պարագայում 2023թ․ վաճառված չօգտագործված ավտոմեքենաների ընդհանուր թվաքանակում էլեկտրական մեքենաների մասնաբաժինը գերազանցել է 50%-ը․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Նորվեգիայում չօգտագործված ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալներում էլեկտրական մեքենաների մասնաբաժինը կազմել է 93%:
Երկրորդ հորիզոնականում է Իսլանդիան՝ 71%, և երրորդում՝ Շվեդիան՝ 60%, մասնաբաժիններով։
Քառյակը եզրափակում է Ֆինլանդիան՝ 54% ցուցանիշով։
Հավելենք, որ աշխարհում 2023թ․ վաճառված չօգտագործված ավտոմեքենաների ընդհանուր ծավալում էլեկտրական մեքենաների մասնաբաժինը կազմել է 18%։
Եվրոպայում ունենք 22%, իսկ ԵՄ անդամ պետություններում՝ 21%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում