Նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 6-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման հայաստանյան գործակալության (USAID) ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Սևակ Միքայելյանն ու Նարեկ Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը ներկայացվել են ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի արդյունքներն ու երկրորդ տարվա համագործակցության հնարավոր ոլորտները:
Ծրագրի հիմնական նպատակներն են ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների բարելավումը արդյունավետ կառավարման ապահովման համար, տնտեսական կայունության բարձրացումը՝ նպատակային ոլորտների արտահանումային մրցունակության ավելացման միջոցով, ինչպես նաև ֆինանսական կապիտալի արդյունավետ օգտագործումը։
Նախարարը կարևորել է ակտիվ փոխգործակցությունը և ընդգծել այն քայլերն ու ուղղությունները, որոնք առաջնահերթ են կայուն և զարգացող տնտեսություն ունենալու համար։