Հայաստանում հեղուկ գազը նախորդ ամիսների համեմատ վերջին 2 ամսում կրկնակի թանկացել է։ Եթե մարտ-ապրիլ ամիսներին հեղուկ գազի գինը 80-100 դրամ էր, որոշ տեղերում էլ վաճառվում էր 60-70 դրամով, ապա հիմա 210-240 դրամ է դարձել։
Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման պատճառը բորսայական գների բարձրացումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Ամբողջ աշխարհում ներմուծվող ապրանքի գները բարձրացել են, և այդ իսկ պատճառով ներքին շուկայում են գները բարձրացել»,– ասաց նա։
Գևորգյանը հերքեց տնտեսագետների այն պնդումը, թե հեղուկ գազի գինը բարձրացել է շուկայից փոքր խաղացողների հեռացման արդյունքում։
«Վերջին թարմացված տվյալներով` հեղուկ գազ ներմուծող ընկերությունների թիվը 98 է։ Որևէ մեկի չափը 10 տոկոսը չի։ 10 տնտեսվարողի մոտ 4-5 տոկոս է մասնաբաժինը, մնացածինը` ավելի քիչ։ Այսինքն՝ հերքում եմ այն խոսակցությունը, թե փոքր տնտեսվարողները դուրս են եկել շուկայից՝ դրա համար է թանկացել»,– ասել է ՄՊՀ նախագահը։
Ո՞րն է հեղուկ վառելիքի թանկացման պատճառը և ի՞նչ սպասել առաջիկայում։ Banksnews.am-ը թեմայի առնչությամբ զրուցել է տնտեսագետ
Արմեն Քթոյանի հետ՝ անդրադառնալով գազի շուկային ու թանկացմանը։
– Կա՞ն օբյեկտիվ գործոններ, որոնք ազդում են գազի գնի վրա ու բերում թանկացման։
– Հեղուկ գազի շուկայում հիմնական քանակությունը գալիս է Ռուսաստանից։ Կան լոգիստիկ խնդիրներ, տեղում արտադրական խնդիրներ։ Ըստ էության, պետք է հասկանանք, որ Ռուսաստանի նավթագազային հատվածը լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Որևէ մեկը չէր պատկերացնում մի քանի տարի առաջ, որ «Գազպրոմը» կդառնա վնասաբեր ընկերություն։ Հիմա «Գազպրոմի» պարտքներն ավելի շատ են, քան Գազպրոմի կապիտալիզացիան։ Այսինքն՝ ինչ-որ առումով սնանկացման եզրին գտնվող ընկերություն է, որն արդեն Կառավարությունից ինքն է գումարներ ստանում, որպեսզի կարողանա իր նախագծերն իրականացնել։ Այո, այս տեսանկյունից պատերազմական իրավիճակում գտնվող երկրում բարդ վիճակում գտնվող նավթագազային այս հատվածի հետ մենք սերտ առնչություններ ունենք, և դրանք կարող են տարբեր ժամանակահատվածներում շոկային ինչ-որ էֆեկտներ ունենալ։ Լոգիստիկ բարդ ընթացակարգեր կան, ժամանակ առ ժամանակ դրանք ի հայտ են գալիս։ Այս ամենը ներմուծման առումով ոչ բավարար դիվերսիֆիկացիայի արդյունք է։ Թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհագրորեն եղած այլընտրանքները շատ չեն, բայց նույնիսկ քիչ հավանական այլընտրանքի դեպքում պետք է փորձենք աշխատել։
– Որքանո՞վ է Լարսում իրավիճակը ազդում գազի գնի ձևավորման վրա։
-Այո, պարբերաբար ինչ-որ սահմանափակումներ մտցվում են։ Վրաստանում, երբ կուտակումներ կան, վտանգավոր բեռների համար սահմանափակումներ են մտցվում, սա ևս կարող է ազդեցություն ունենալ։ Քաղաքական պատճառներ այդքան էլ չեմ տեսնում, քանի որ եթե փորձեն քաղաքական ճնշում կիրառել, շատ ավելի լուրջ գործիքներ կան։ Հեղուկ գազի ինքնարժեքի ձևավորման վրա տարբեր գործոններ են ազդում, այստեղ տրանսպորտային ծախսերն են բավականին նշանակալի, հարկային բավականին բարձր բեռ կա, ինչն էլ գնի վրա ազդում է, և չէի ասի, թե ռուսական հեղուկ գազի պարագայում ավելի ցածր մրցակցային է, քան իրանական գազը։ Հեղուկ գազի պարագայում գնային փոփոխությունները շատ ավելի ցածր ինտենսիվությամբ են տեղի ունենում, քան հեղուկ վառելիքի դեպքում է։ Եթե համեմատենք հեղուկ վառելիքի գների աճը հեղուկ գազի գների հետ, կտեսնենք, որ հեղուկ գազը շատ ավելի փոքր չափով է եղել փոփոխություն։
– Ի՞նչ կարելի է սպասել հեղուկ գազի շուկայում, գները կշարունակե՞ն թանկանալ։
-Անկանխատեսելի է. շուկան շատ վայրիվերումներով է, և դա մեր օբյեկտիվ առանձնահատկություններից է․ լոգիստիկ շատ մեծ կախվածությունը մեկ կապուղուց, սա ևս մեկ անգամ արձանագրում է այլընտրանք գտնելու անհրաժեշտությունը և կարևորությունը, իսկ քաղաքացիների պարագայում պետք է վստահ լինել, որ բոլոր մարտահրավերները, որ մինչ այժմ հաղթահարում էինք, նույն ձևով էլ այստեղ են հաղթահարվելու։ Իսկ եթե գլոբալ իրողությունները նայենք և մի կողմ դնենք քաղաքական գործոնները, տնտեսական մասով նախադրյալներ չկան, որ կարող է գների շոշափելի բարձրացում լինել։ «Գազպրոմի» արտահանումային շուկան էապես սահմանափակվել է Ռուսաստանի համար, ու նույնիսկ Հայաստանի նման փոքր շուկայի կարիքները բավարարելը ոչ պակաս կարևոր է ինչ-որ առումով, այսինքն` գազի ավելցուկ կա, դեֆիցիտի մասին դեռևս վաղ է խոսելը, իսկ սա այն հիմնական գործոնն էր, որ կարող էր գինը բարձրացնել։ Դեֆիցիտի խնդիր առայժմ չկա, քանի որ գազը Եվրոպա չի գնում, իսկ արտահանումային հնարավորություններն այլ ուղղություններով շատ ավելի սահմանափակ են։ Հետևաբար, այս իրավիճակը 1-1,5 տարվա ընթացքում միգուցե կպահպանվի, և գազի շուկայի նաև այս սեգմենտում գնի կտրուկ բարձրացմանը նպաստող գործոն այս պահին չկա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում