Դորտմունդցի հետազոտողների գլխավորությամբ մի խումբ գիտնականներ հայտարարել են, որ Երկրի վրա դինոզավրերի և այլ կենդանի էակների մահվան պատճառը, հավանաբար, աստերոիդը չէ։ Հետազոտողները կարծում են, որ մեղավոր են մեգա հրաբուխները, հայտնում է Scitech Daily-ն։
Այն հարցը, թե ինչն է սպանել դինոզավրերին 66 մլն տարի առաջ, վաղուց է քննարկվում գիտական հանրությունում։ Նրանցից ոմանց կարծիքով՝ դրանում հիմնական դերը խաղացել է աստերոիդների և գիսաստղերի անկումը, իսկ մյուսները պնդում են, որ հրաբխային զանգվածային ժայթքումներն են պատճառ հանդիսացել: Նոր աշխատությունում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում, ասվում է, որ ճիշտ է երկրորդ վարկածը:
Ըստ գիտնականների՝ հինգ զանգվածային անհետացումներից չորսը տեղի են ունեցել հրաբխային ժայթքումների հետ միաժամանակ, որոնք կոչվում են բազալտային հեղեղումներ:
Այսպիսով, մի շարք ժայթքումներ, որոնք տեղի են ունեցել ժամանակակից Սիբիրի տարածքում, առաջացրել են ամենազանգվածային անհետացումներից մեկը, որը տեղի է ունեցել 252 միլիոն տարի առաջ: Այն դուրս է նետել ածխածնի երկօքսիդի հսկայական ծավալներ, որը բառացիորեն «խեղդել է» բոլոր կենդանի էակներին։
Դինոզավրերի անհետացման ժամանակ նման ժայթքումները ցնցել են նաև Հնդկական մայրցամաքը՝ ձևավորելով այն, ինչ այժմ հայտնի է որպես Դեկանի սարահարթ։
Նման իրադարձությունը, ինչպես և աստերոիդի հարվածը, լուրջ գլոբալ հետևանքներ կարող էին ունենալ՝ մթնոլորտ արտանետելով փոշի և թունավոր գոլորշիներ։ Դրան ավելացել են նաև կլիմայի գլոբալ փոփոխությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում